ՊՆ մամուլի խոսնակ. Հայաստանում զորահավաք չկա

Արծրուն Հովհաննիսյան (Photo: Photolure)

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հերքել է լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, թե Ադրբեջանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված երկրում նախատեսվում է զորահավաք հայտարարել:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ առանց պաշտոնական հայտարարության չի կարող զորահավաք լինել:

«Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, դրա մասին կլինի համապատասխան տեղեկություն»,- ասել է, Հովհաննիսյանը` ըստ 1in.am-ի:

Հայաստանում նույնիսկ զորահավաք չհայտարարվեց ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ընթացքում, որն ավարտվեց հայկական և ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությամբ:

Նախատեսվող զորահավաքի մասին լուրերը մամուլում հայտնվել են հայ-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվող լարվածության և այս ամիս ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական նոր հնարավոր հարձակման մասին Հայաստանում պնդումների ֆոնին:

Զանգվածային լրատվամիջոցները և փորձագետները, մասնավորապես, որպես հնարավոր ժամկետ նշում են մայիսի 8-9-ը, որը համընկնում է 1992-ին` Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, Շուշիի ազատագրման օրվան: