
Համաշխարհային օֆշորային սկանդալի հետ առնչություն ունեցող Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված սկանդալային նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել: Այս մասին «ԱրմենիաՆաուին» տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգքրի 310-րդ հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը հրապարակել էր Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների:
Այս բացահայտումից հետո Պողոսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:
«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։
Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»,- նշվում էր ԴԱՀԿ ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված Պողոսյանի գրառման մեջ:
Վերջին տարիներին հայաստանյան լրատվամիջոցները 39-ամյա արդարադատության գեներալ-մայոր Պողոսյանի, որը 2008 թվականից ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն է, անունը կապում են Հայաստանում տարբեր եկամտաբեր բիզնեսների հետ:
Պողոսյանի հրաժարականից հետո անցյալ շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախկին պետի տեղակալ, նախագահի ռեֆերենտի Արմեն Հարությունյանը: