Երկրորդ համաշխարհայինից մինչև Ղարաբաղ. Հայաստանի նախագահը շնորհավորել է ժողովրդին Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ մարտնչած և հաղթանակի հասած, ինչպես նաև տասնամյակներ անց Լեռնային Ղարաբաղի անկախությունը պաշտպանած հայորդիներին մայիսի 9-ին նշվող Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ իր ուղերձում:

«Մեր ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ իսկապես Հայրենական մեծ պատերազմ: Բազում հայորդիներ կռվեցին իրենց հայրենիքի ազատության և լուսավոր ապագայի համար: Պայքարեցին բոլոր ճակատներում, մարտի դաշտում և թիկունքում»,- ասել է Սարգսյանը` նախագահի մամուլի գրասենյակի մեջբերմամբ:

«Այսօր մենք հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում մեր հերոս նախնիների պայծառ հիշատակին, ովքեր հարյուր հազարներով ընկան չարիքի դեմ պայքարում: Նաև հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում ավաղ արդեն փոքրաթիվ այն վետերաններին, ովքեր այսօր էլ մեր կողքին են:

Սա ոչ միայն ռազմական հաղթանակի, այլև խաղաղության տոն է: Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ միասին մենք շատ թանկ գին վճարեցինք այդ հաղթանակի համար` վաստակելով խաղաղություն: Այդ խաղաղությունը մեզ պատմական հնարավորություն տվեց որպես ազգ կրկին ոտքի կանգնելու տնտեսապես, մշակութապես և քաղաքականապես: Եվ մենք գիտենք այդ խաղաղության գինը»:

Իր ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է այս օրը հայ ժողովրդի կողմից նշվող մեկ այլ հիշարժան տարեթվի` կապված Ղարաբաղում ազգային-ազատագրական պայքարի հետ:

«Մայիսի 9-ը մեզ համար վերաիմաստավորվեց և վերարժևորվեց 1992 թվականին Շուշիի ազատագրմամբ: Արցախի դարավոր մշակութային կենտրոնը, որ ավանդաբար լույս, կրթություն, գիտություն և արվեստ էր սփռել իր շուրջը, վերածվել էր շուրջբոլորը մահ ու ավեր սփռող հրեշավոր կրակակետի: Շուշիի ազատագրումը մեր կյանքի և մահվան հարցն էր, և մենք նույն մայիսի 9-ին կրկնեցինք մեր հայրերի ու պապերի սխրանքը՝ բեկելով պատերազմի ընթացքը»:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ 24 տարի անց` ապրիլի սկզբին Ադրբեջանի դեմ քառօրյա պատերազմի ընթացքում արդեն «Շուշին ազատագրած ազատամարտիկների զավակները կրկնեցին իրենց հայրերի սխրանքը»:

«Եվ նրանք դա արեցին ոչ թե ֆիդայական ջոկատների, այլ արդեն կայացած կանոնավոր բանակի կազմում: Նրանք ապացուցեցին, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր նոր սերունդ պատրաստ է նորովի և ավելի վստահորեն պաշտպանելու իր անվտանգությունը, խաղաղությունը և իրավունքները:

Շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղ երկինք և բարեբեր աշխատանք»: