«Ես Կարոն եմ». Երևանում անցկացվել է երթի պաշտպանություն Թուրքիայի հայազգի պատգամավորի

Photo: Photolure

Երևանում մեկնարկեց Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրված պատգամավոր Կարո Փայլանին սատարող երթը դեպի ՄԱԿ-ի գրասենյակ:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի խորհրդարանում հարձակում էր եղել պատգամավոր Կարո Փայլանի վրա, որի պատճառը, նրա պնդմամբ` իր հայ լինելն է:

Մի խումբ քաղաքացիներ «Ես Կարոն եմ» պաստառներով երթով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ պահանջելով սթափության կոչ անել Թուրքիային ու կատարել իր ստանձնած պարտավորությունները:

Photo: Photolure
Photo: Photolure

«Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից տեր կանգնել իր առաքելությանը, գոնե դատապարտել Թուրքիայում տիրող իրավիճակը: Պատժել այն բոլոր պաշտոնյաներին, որոնք Կարոյին սպանելու կոչերով են հանդես եկել: ՄԱԿ-ին պահանջ-նամակ ենք փոխանցելու և պահանջելու ենք ՄԱԿ-ով ամրագրված դրույթներին համաձայն հետաքննող հանձնաժողով ստեղծվի` այս դեպքերը հետաքննելու ուղղությամբ»,- լրագրողների հետ զրույցում նշեց նախաձեռնության համահեղինակ Հայկա Ալոյանը:

Փայլանն այն պատգամավորն է, որը ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիայի խոհրդարանում հանդես է եկել նախաձեռնությամբ` պահանջելով խորհրդարանական հանձնաժողով ձևավորել և քննել 1908-1915 թթ. Օսմանյան կայսրության խորհրդարանի 7 հայազգի պատգամավորների (Գրիգոր Զոհրապ, Պետրոս Հալաչյան, Նազարեթ Տաղավարյան, Կարապետ Փաշայան, Հովհաննես Սերենկյուլյան, Օնիկ Դերձակյան, Համբարձում Բոյաջյան) ձերբակալության և սպանության գործերը, գտնել նրանց մարմինները և հուղարկավորել պատշաճ կարգով։

«Մենք Կարոյի հետ ենք և հետևողական կլինենք, որ նրա կյանքին վտանգ չսպառնա»,- նշել են նախաձեռնության կազմակերպիչները: