
2000 թ. ՄԱԿ-ի ընդունած Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման շրջանակներում զգալի նվաճումներ են գրանցվել մայրական և մանկական մահացության, մաքուր ջրի մատչելիության, կրթության հասանելիության բնագավառներում` ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման առաջընթացի գնահատում և Կայուն զարգացման օրակարգ-2030» զեկույցի ներկայացման ընթացքում` ամփոփելով 2015-ին իրականացված աշխատանքները:
«Թեև մյուս նպատակների առումով որոշակի առաջընթաց կա, սակայն անելիքները դեռևս շատ են, և հետևողական աշխատանքներ են տարվելու համապատասխան ցուցանիշների բարելավման համար»,- ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Միավորված ազգերի կազմակերպության 193 անդամ պետություններ 2000-ին համաձայնության եկան մեկ ընդհանուր` «Փոխակերպելով աշխարհը. 2030 թ. Կայուն զարգացման օրակարգ» փաստաթղթի շուրջ:
2015-ին, ամփոփելով Հազարամյակի զարգացման ութ նպատակների կատարողականը, ՄԱԿ-ի անդամ պետությունները, այդ թվում նաև` Հայաստանը, ձեռնամուխ եղան ավելի հավակնոտ և ընդգրկուն՝ Կայուն զարգացման նպատակների ծրագրի իրականացմանը, որի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 25-ին:
Վարչապետ Աբրահամյանը նշեց, որ նախորդ շաբաթ կառավարությունում տեղի է ունեցել կայուն զարգացման խորհրդի հերթական նիստը, որով մեկնարկել է կայուն զարգացման 17 նպատակներ ու 169 թիրախ ունեցող ՄԱԿ-ի նոր օրակարգը:
Նա նաև վստահություն հայտնեց, որ Հայաստան-ՄԱԿ համագործակցությունը առաջիկայում էլ ավելի կամրապնդվի, և միասին կկարողանան կյանքի կոչել ՄԱԿ-ի նոր օրակարգը: