Վերաիմաստավորում. Հայաստանի վարչապետը Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո «արագ» բարեփոխումների կոչ է անում

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ է արել կառավարության անդամներին ներգրավվել քննարկումների մեջ, այդ թվում` ընդդիմության և հասարակության այլ «կարող ուժերի» հետ` արագացնելու բարեփոխումները երկրի քաղաքական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում իր ծավալուն ելույթում Աբրահամյանը, մասնավորապես, նշել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմը ստիպեց «բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը և մեկ անգամ ևս անդրադառնալ հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթին»:

«Արդյո՞ք մենք զարգանում ենք, արդյո՞ք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, արդյո՞ք ունենք մարտունակ բանակ: Պատասխանը` այո: Բայց արդյո՞ք այդ ամենը բավարար է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ` ոչ», – ասել է վարչապետը:

«Մենք պետք է ավելի արդյունավետ պետություն դառնանք՝ կրկնապատկելով, եռապատկելով մեր ջանքերը: Այո, մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով՝ առաջինը արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը»:

Աբրահամյանը հիշեցրել է պատգամավորների, այդ թվում՝ ընդդիմադիր թևից, ինչպես նաև «հասարակության այլ կարող ուժերի» ներգրավմամբ պարբերական շաբաթական քննարկումներ սկսելու իր նախաձեռնության մասին:

«Եվ խոսքը միայն քննարկումների մասին չէ: Լուծումները, որոշումները, որոնց մենք կհանգենք պետք է արագ կյանքի կոչվեն: Իսկ հարցերը, որոնք պատրաստվում ենք դարձնել քննարկման առարկա` բազմապիսի են: Դրանց մեջ են թե՛ տնտեսության զարգացումը, թե՛ առողջապահության և կրթական ոլորտների արատների դեմ պայքարը և թե՛ բազում այլ հարցեր»,- ասել է Աբրահամյանը` կառավարության անդամների ուշադրությունը հրավիրելով «Հայաստանի զարգացման ուղիների» վերաբերյալ սփյուռքում կատարված ուշագրավ հետազոտությունների վրա:

Աբրահամյանը նշել է, որ առաջին նման շաբաթական քննարկումը նախատեսվում է մայիսի 14-ին: