Երկրորդ նախագահ Քոչարյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի առաջնորդի հետ

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի հանդիպել է Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ` քննարկելու հայ-ադրբեջանական հակամարտության գոտում վերջին լարվածությունը:

Սահակյանի մամուլի ծառայությունը հրապարակել է կարճ հաղորդագրություն հանդիպման մասին` առանց հստակ նշելու անցկացման վայրի մասին, թեև, ենթադրաբար, այն տեղի է ունեցել մայրաքաղաք Ստեփանակերտում:

Քոչարյանը, ով նախքան երկու անգամ հինգ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելը 1997-1998 թթ. եղել է Ղարաբաղի նախագահ, և Սահակյանը, ինչպես հաղորդվում է, քննարկել են «ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող մի շարք հարցեր»:

«Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր հաղթանակների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ կարևորելով քաղաքական ուժերի կողմից ցուցաբերած միասնականությունը և գործուն քայլերը Արցախին սատարելու ուղղությամբ»,- հաղորդել է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Քոչարյան-Սահակյան հանդիպումից անմիջապես հետո լուսանկարներ չեն հրապարակվել: Քոչարյանի գրասենյակը նույնպես հանդիպման մասին առայժմ որևէ հաղորդագրություն չի տարածել: Ավելի վաղ երկրորդ նախագահը, ինչպես հաղորդվել էր, հեռախոսազրույց էր ունեցել Սահակյանի հետ` դրական գնահատելով Ղարաբաղի ղեկավարության արձագանքը Ադրբեջանի ռազմական ագրեսիային:

Մայիսի 3-ին Քոչարյանի նախորդը` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփանակերտում նույնպես հանդիպում էր ունեցել Սահակյանի հետ, որից հետո բարձր գնահատել ապրիլի սկզբին իրավիճակի սրմանը Ղարաբաղի և Հայաստանի ղեկավարությունների արձագանքը: Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի` Ռոբերտ Քոչարյանը ակներևաբար խուսափում է Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի հետ շփումներից` ավելի թեժացնելով հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր քաղաքական վերադարձի մասին խոսակցությունները:

Որոշ քաղաքական մեկնաբաններ Քոչարյանի հետ են կապում նաև վերջերս նոր ընդդիմադիր` «Համախմբում» կուսակցության ստեղծումը, որը գլխավորում է Քոչարյանի 10-ամյա նախագահության օրոք Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Վերջինս, սակայն, պնդել է, որ Քոչարյանը որևէ կապ չունի քաղաքական ուժի հիմնադրման հետ, միևնույն ժամանակ չհերքելով, որ ինքը լավ փոխհարաբերությունների մեջ է նախկին առաջնորդի հետ: