
Հայաստանի զինված ուժերի սպառազինության վարչության բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է Հայաստանի քննչական կոմիտեի անցկացրած քննության շրջանակներում հարուցված քրեական գործով:
ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը կասկածվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ:
Վարույթի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել` «քրեական գործի քննության շահերից ելնելով»:
Պարզ չէ, թե արդյոք կապվա՞ծ է այդ ձերբակալությունը անցյալ ամիս նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀ պաշտպանության նախարարությունում նյութատեխնիկական ապահովման, հետախուզության և կապի համար պատասխանատու երեք գեներալներին իրենց պարտականություններից ազատելու մասին որոշման հետ:
Սարգսյանի այս քայլը հաջորդել էր ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ պատերազմում նշված ոլորտներում բացթողումների համար հասարակական-քաղաքական շրջանակների քննադատությանը: Սակայն պաշտոնապես այս պաշտոնանկությունները ուղղակիորեն չեն կապվել վերջին ռազմական գործողությունների հետ: