«Եվրատեսիլի» ձայների բաշխումը. Հայաստանը ամենաբարձր միավորները ստացել է Ռուսաստանից, ամենացածրը տվել նրան

Photo: www.eurovision.tv

Մայիսի 14-ի «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակչում 26 մասնակիցների շարքում զբաղեցնելով յոթերորդ տեղը` Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանը վաստակել է 249 միավոր` մրցույթի հաղթող Ուկրաինայի ներկայացուցչից ավելի քան կրկնակի պակաս (534):

Հայաստանն ամենաբարձր միավոր`12, ստացել է Ռուսաստանից, ընդ որում, թե՛ ժյուրիի և թե՛ հեռուստաքվեարկության: Բուլղարիայի և Իսպանիայի ժյուրիները Հայաստանին տվել են ամենաբարձր միավորը, իսկ Վրաստանը Հայաստանին է տվել հեռուստաքվեարկության լավագույն արդյունքը:

Մինչդեռ Հայաստանի ժյուրին Ռուսաստանին (ի դեմս սիրված երգիչ Սերգեյ Լազարևի) ընդամենը 2 միավոր է տվել, իսկ հանրության հեռուստաքվեարկությամբ` 12 միավոր: Հայաստանյան ժյուրին ամենաբարձր միավորը տվել է Ֆրանսիային:

Ուշագրավ է, որ Հայաստանի ժյուրին ոչ մի միավոր չի տվել մրցույթի հաղթողին` կիսով չափ Ղրիմի թաթար, կիսով չափ հայ Ջամալային Ուկրաինայից, մինչդեռ երկրի հանրությունը Ուկրաինայի մասնակցին տվել է 10 միավոր:

Ինչպես և սպասվում էր, Հայաստանում Ադրբեջանը թե՛ ժյուրիի և թե՛ հեռուստաքվեարկության արդյունքներով ամենացածր միավորն է ստացել: Թեև ժյուրիի հինգ անդամներից չորսը դրել են Ադրբեջանի երգչուհի Սամրային վերջին` 25-րդ տեղում (երկրները իրենց մասնակցի համար չեն քվեարկում), ժյուրիի մեկ անդամ գնահատել է նրա ելույթը 19-րդ` ըստ «Եվրատեսիլի» պաշտոնական կայքի:

Ադրբեջանում ժյուրիի բոլոր հինգ անդամները, ինչպես նաև հեռուստաքվեարկության մասնակցած հասարակությունը Հայաստանին տվել է զրո:

Հարավկովկասյան երկու երկրները ներգրավված են Լեռնային Ղարաբաղի շուրջ ձգձգվող հակամարտության մեջ: Հարևանների միջև փոխադարձ թշնամանքն աճել է ապրիլի սկզբին հակամարտության գոտում լարվածության վերջին սրման հետևանքով:

2009 թ. «Եվրատեսիլ» երգի մրցույթի հեռուստաքվեարկությանը Հայաստանի համար SMS հաղորդագրություններ ուղարկած տասնյակ մարդիկ հետապնդման էին ենթարկվել Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության կողմից:

Իսկ Հայաստանը, վկայակոչելով Ղարաբաղում շարունակվող արյունահեղությունը, հրաժարվեց 2012 թ. Բաքվում անցկացվող «Եվրատեսիլի» շոուին իր մասնակցին ուղարկելուց:

«Եվրատեսիլ» երգի մրցույթներին Հայաստանի ներկայացուցիչների կողմից Ղարաբաղի հիշատակումները, այդ թվում` դրոշի ծածանումը, մշտապես Հարավային Կովկասի երկու մրցակիցների միջև տարաձայնությունների տեղիք է եղել, և այդ իմաստով վերջին մրցույթը Ստոկհոլմում բացառություն չէր: