Մամուլ. Հռոմի Պապի այցի Հայաստան, հավանաբար, կզայրացնի Թուրքիային

Միջազգային լրատվամիջոցների կանխատեսմամբ` Հռոմի Պապի առաջիկա այցը Հայաստան և, մասնավորապես, մայրաքաղաք Երևանում Հայոց ցեղասպանության մասին նրա հայտարարությունը ևս մեկ հարված կլինի Թուրքիայի համար:

Պաշտոնական Երևանն ու Վատիկանը անցյալ շաբաթավերջին մանրամասներ են հրապարակել հունիսի 24-26-ը Հայաստան Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցի մասին, որի ընթացքում նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, կայցելի Հայաստանի հյուսիսարևմտյան Շիրակի մարզի Գյումրի քաղաք, որտեղ ապրում է երկրի ամենախոշոր կաթողիկե համայնքը:

Ըստ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայության, այցի ժամանակ նախագահը նույնպես կհանդիպի Ֆրանցիսկոս Քահանայապետի հետ, Գյումրիում Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Հունիսի 25-ին երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք:

Մինչ այդ` հունիսի 25-ի առավոտյան Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան` հարգանքի տուրք մատուցելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան թուրքերի կողմից սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակին: 2015 թ. ապրիլին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի Պապն արդեն իսկ որակել է այդ ջարդերը որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Այդ ժամանակ Թուրքիան մեղադրեց Հռոմի Պապին «պատմությունը խեղաթյուրելու» մեջ և ի նշան բողոքի հետ կանչեց իր դեսպանին Վատիկանից:

The Daily Mail-ը գրում է, որ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետը Երևանում այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, դարձյալ զայրացնելու է Թուրքիային

«Հնարավոր է` որ այցը ավելի շատ յուղ կլցնի լարվածության վրա և կլարի Վատիկանի դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ»,- կանխատեսել է առաջատար բրիտանական թերթը:

Երջանկահիշատակ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը 2001 թվականի Հայաստան կատարած պատմական այցելության ժամանակ նույնպես Ծիծեռնակաբերդում աղոթել և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Գարեգին Բ-ի հետ ընդունված համատեղ հռչակագրում: Նախատեսվում է, որ Հռոմի Սրբազան Քահանայապետը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն կստորագրեն Համատեղ հայտարարություն: