Սարգսյանը և Մեդվեդևը քննարկել են ղարաբաղյան խնդիրը

Photo: www.president.am

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը ընդունել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ով նախորդ գիշեր ժամանել է Հայաստան Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարության ղեկավարների հետ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Հանդիպումը, որ ի սկզբանե նախատեսված էր անցկացնել ապրիլի 8-ին Երևանում, Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության սրման ֆոնին Ղազախստանի առաջարկով տեղափոխվեց Մոսկվա:

Ավելի ուշ որոշվեց, որ Երևանը հյուրընկալելու է մայիսի 20-ին կայանալիք հաջորդ նիստը:

Այսօր տեղի ունեցած հանդիպմանը նախագահ Սարգսյանը Ռուսաստանի վարչապետին է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի, որում Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ համանախագահող երկիր է, միջնորդությամբ մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Վիեննայի հանդիպմանը, ասել է Սարգսյանը, իրենք պայմանավորվել են զինադադարի ռեժիմի խախտումների մշտադիտարկում անցկացնելու և միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու վերաբերյալ:

«Մենք, իհարկե, մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ խախտումները չլինեն, և հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները հետևողականորեն կիրականացնեն այն որոշումները, որոնք մենք համատեղ ընդունել ենք»,- ասել Սարգսյանը` նախագահի մամուլի ծառայության մեջբերմամբ:

Ինչպես հաղորդվում է, Մեդվեդևը ողջունել է Վիեննայում տեղի ունեցած հայ-ադրբեջանական հանդիպումը և ասել, որ կարևոր է 1994-ին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարի պայմանագիրը պահպանվի ղարաբաղյան հակամարտության կողմերի կողմից:

«Կարող եք չկասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել է և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում»,- հայտարարել է Ռուսաստանի վարչապետը:

Սարգսյանը և Մեդվեդևը վերջին անգամ հանդիպել են ապրիլի 7-ին` Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղում մահացու բախումներին վերջ տալու բանավոր պայմանավորվածություն ձեռք բերելուց երկու օր անց:

Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով չորս օրերի ընթացքում մի քանի տասնյակ զինծառայողներ, ինչպես նաև խաղաղ բնակիչներ են զոհվել:

Ե՛վ Սարգսյանը, և՛ Դմիտրի Մեդվեդևն այսօր ասել է, որ իրենց նախորդ հանդիպմանը հիմնականում անդրադարձել են ավելի հրատապ ղարաբաղյան հարցին: Ռուսաստանի վարչապետը նշել է, որ միջկառավարական խորհրդի երևանյան հանդիպմանը դիտարկելու են «տարբեր և առաջին հերթին տնտեսական հարցեր, որոնք օգտակար են բոլոր երկրների համար»: