Հայաստանի զինված ուժերը փորձարկել են Ղարաբաղում ապրիլյան բախումների դրվագները

Photo: www.mil.am

Կիրակի Հայաստանի զինված ուժերի առաջին բանակային կորպուսում անցկացվել է ուժեղացված գնդային մարտավարական զորավարժություն, որի ընթացքում ուսումնասիրվել և փորձարկվել են անցյալ ամիս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մարտական գործողությունների որոշ դրվագներ:

Ինչպես հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, զորավարժության սցենարով նախատեսված ուսումնամարտական գործողությունների ընթացքում ներգրավված ստորաբաժանումները առաջադրված խնդիրներն իրականացրել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պայմաններում:

Photo: www.mil.am
Photo: www.mil.am

Զորավարժության ժամանակ ուսումնասիրվել և փորձարկվել են Լեռնային Ղարաբաղում ապրիլի 2-5-ը ադրբեջանական զինված ուժերի դեմ մարտական գործողություններից առանձնացված մի շարք մարտավարական կարևորության, այդ թվում` ստորաբաժանումների գործակցելիության, կրակային խոցման և այլ օրինակելի դրվագներ ու առանձնահատկություններ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով ներկա է եղել զորավարժություններին, մատնանշել է առավել դրական կողմով աչքի ընկած ստորաբաժանումներն ու նրանց հրամանատարներին:

Ռազմական հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժություններին մասնակցած զինծառայողների արհեստավարժ գործողություններն ու բարձր մարտական ոգին, հրետանային ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունները, կրակային միջոցների խոցման բարձր աստիճանը: