Զգուշացիր փոթորիկից. ցիկլոնը նոր ուժգին քամիներ է բերում Հայաստան

Առաջիկա օրերին Հայաստանին, ամենայն հավանականությամբ, նոր փոթորիկ է հարվածելու, քանի որ օդերևութաբանները կանխատեսում են «խիստ անկայուն եղանակ»` Հարավային Կովկաս մեկ այլ հզոր ցիկլոնի ներթափանցման հետևանքով:

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, մայիսի 28-30-ը Հայաստանը կգտնվի նոր ցիկլոնի էպիկենտրոնում:

«Այդ ցիկլոնի հետևանքով նշված օրերին կհաստատվի եղանակի խիստ անկայուն ռեժիմ»,- հավելել է նա:

Այսօր` մայիսի 27-ին, երբ Հայաստանի դպրոցներում տասնյակ հազարավոր շրջանավարտներ նշում են իրենց վերջին զանգը, հանրապետության բազմաթիվ մարզերում և մայրաքաղաքում նրանք կարող են հայտնվել անձրևի, իսկ առանձին վայրերում հնարավոր է նաև` կարկուտի տակ:

«Ամպրոպների ժամանակ պետք է սպասել քամու ուժգնացման՝ 20-25մ/վրկ»,- ասել է Սուրենյանը:

Մայիսի 23-ին ուժգին քամիները լուրջ հարված հասցրին Հայաստանի մի շարք մարզերի ենթակառուցվածքներին: 18-22 մետր/վայրկյան արագությամբ քամիները քշել էին բնակելի շենքերի տանիքներ, տապալել ծառեր և վնասել էլեկտրահաղորդման լարեր և գազատար խողովակներ որոշ գյուղատնտեսական տարածքներում: Ինչպես հաղորդվել է, 9 մարդ աննշան վնասվածքներ են ստացել քամու հետևանքով պատահարների պատճառով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տարերքի մոլեգնելու հետևանքով գրանցվել է ավելի քան 500 միջադեպ, որոնց գերակշիռ մասը` մայրաքաղաքում: