Մայիսի 28. Հայաստանում նշել են առաջին հանրապետության օրը

Photo: www.president.am

Այսօր` մայիսի 28-ին, Հայաստանում նշվում է առաջին հանրապետության օրը: Երկրի բարձրագույն քաղաքական, ռազմական և հոգևոր ղեկավարությունը ներկա է եղել ավանդական տոնակատարությանը մայրաքաղաք Երևանից 40 կմ արևմուտք գտնվող Սարդարապատի հուշահամալիրում, որտեղ 98 տարի առաջ այս օրերին հերոսամարտում կասեցվեց թուրքական զորքերի առաջխաղացումը:

1918-ի մայիսին Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում ու այլուր հայերի ռազմական հաջողությունները հանգեցրին ժողովրդավարական Հայաստանի առաջին հանրապետության ստեղծմանը:

Հայաստանի առաջին հանրապետությունը գոյատևեց մոտ երկուսուկես տարի: Այն ընկավ, երբ Հայաստանում կարմիր բանակի աջակցությամբ իշխանության եկան բոլշևիկները` 1921-ի վերջին այն դարձնելով խորհրդային հանրապետություն:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով Սարդարապատի հուշահամալիրում այսօր նույնպես մասնակցել է տոնակատարությանը, իր շնորհավորական ուղերձի մեջ նաև անդրադարձել է անցյալ ամիս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններին:

«Այս տարվա ապրիլի սկզբի ռազմական իրադարձություններն ավելի տեսանելի դարձրին մի շարք իրողություններ՝ թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ մեր ներսում, թե՛ մեր շուրջը: Դրանց մեջ ինձ համար ամենակարևորը մեր նոր սերունդն է՝ անկախության սերունդը, որ և՛ մեզ, և՛ բոլորին ցույց տվեց, որ ինքն է իսկապես տերն ու պատասխանատուն իր երկրի: 1918 թվականին «Մայիսի 28» կերտողները կարող էին միայն երազել նման կանոնավոր բանակ և նման նոր սերունդ տեսնելու մասին: Մենք դա տեսանք»,- մասնավորապես ասել է նա:

«Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև մեծ հաշվով դա հուսահատական պատերազմ էր: Այնտեղ կռվողներն արդեն չգիտեին, թե ինչ երկրի քաղաքացի են, կամ քաղաքացի՞ են արդյոք: Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն: Կա անկախության սերունդ, որ ուզում է քայլել ժամանակակից աշխարհին համընթաց և քայլելու է: Անկախության սերունդ, որ ուզում է քայլեցնել իր երկիրն առաջ և քայլեցնելու է: Անկախության սերունդ, որ բոլորից ճիշտ է հասկացել մայիսի 28-ի պատգամը: Դա արգասիքն է այն իրողության, որ նրանց ընտանիքներում ու դպրոցներում նույնպես ճիշտ են հասկացել մայիսի 28-ի պատգամը: Մենք՝ որպես պետություն, որպես ազգ և հասարակություն ճիշտ ենք հասկացել մայիսի 28-ի պատգամը»: