Սարգսյանը Լյուքսեմբուրգ այցելելուց հետո մասնակցում է Ղազախստանում ԵԱՏՄ նիստին

Photo: www.president.am

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ժամանել է Ղազախստան` մասնակցելու Ասատանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին` հաղորդել է նրա մամուլի ծառայությունը:

Հայաստանն անդամակցում է Ռուսաստանի գլխավորած միությանը 2015 թ. հունվարից:

Իսկ երկուշաբթի նախագահ Սարգսյանը, ով նաև իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդն է, աշխատանքային այցով մեկնել էր Լյուքսեմբուրգ, որտեղ ներկա է եղել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված է հոբելյանական գագաթնաժողովին:

Գագաթնաժողովը վարել են ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը, որին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: ԵԺԿ հոբելյանի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում Սարգսյանը, մասնավորապես, մեծապես կարևորել է միջկուսակցական փոխգործակցությունը ԵԺԿ-ի հետ` եվրոպական քաղաքական մշակույթի տարածման, համաեվրոպական արժեհամակարգի ամրապնդման տեսանկյունից:

«Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով ու մշակույթով, իղձերով ու նպատակներով, իսկ հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաև հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին համատեղ հանձնառությունից…

Մեծ է եղել ԵԺԿ-ի աջակցությունը Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները զարգացնելիս: Դրանք այսօր հասել են մի նոր՝ կարևոր ու պատասխանատու հանգրվանի: Արդեն մեկնարկել են բանակցությունները Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ, որը կարտացոլի մեր հարաբերությունների բնույթն ու կուրվագծի փոխշահավետ համագործակցության նոր ուղղությունները: Վստահ եմ, որ այս նոր փաստաթուղթը կյանքի կոչելու հարցում ևս ԵԺԿ-ն մեր կողքին կլինի»: