ՀԾԿՀ. գազի սակագները հուլիսի 1-ից կիջեցվեն

Photo: Nazik Armenakyan/Armenianow.com

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում կայացված որոշման համաձայն` հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում բնական գազի սակագինը սպառողների համար կնվազի մոտ 9 դրամով:

Երեքշաբթի hանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, որ գազի սակագինը 156 դրամից կդառնա 146,7 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի դիմաց։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած հայտի քննարկման արդյունքում որոշվել է, որ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդների համար բնական գազի սակագինը կլինի 146.7 դրամ:

Ամսական 10 հազար խմ և ավելի սպառում ունեցող սպառողների համար վաճառվող բնական գազի սակագինը կլինի 257.56 ԱՄՆ դոլար`սպառված յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի դիմաց, որը նախկինում կազմում էր 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Պետք է նշել նաև, որ ՀԾԿՀ-ն սեփական նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի գործող սակագների վերանայման գործընթացը, և այդ ոլորտում ևս սպասվում են փոփոխություններ:

Հիշեցնենք, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացումները նախկինում հանգեցնում էին սոցիալական ընդվզումների, որոնց թվում է 2015 թվականի ամռանը մեծ աղմուկ հանած «Էլեկտրիկ Երևանը»: