Քննչական կոմիտե. ձերբակալվել են երեք բարձրաստիճան զինվորականներ

Երկուշաբթի ուշ երեկոյան ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում գտնվող քրեական գործերի շրջանակում երկու գնդապետ և մեկ գեներալ են ձերբակալվել` տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ձերբակալվածներից մեկը գեներալ Մելս Չիլինգարյանն է, ով Հայաստանի զինված ուժերի սպառազինության վարչության պետն էր և մայիսի 23-ին ՀՀ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Մյուս ձերբակալվածները գնդապետներ Արմեն Մարգարյանն ու Մհեր Պապյանն են:

Բոլորը մեղադրվում են մատակարարված անորակ ապրանքներ ընդունելու, չարաշահումներ թույլ տալու փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակում: Ըստ նախնական տվյալների՝ որոշ ապրանքատեսակներ ձեռք են բերվել իրական արժեքից բարձր, ուռճացված գներով:

Ավելի վաղ` մայիսի 18-ին, Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Հայաստանի զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:

Ըստ Քննչական կոմիտեի՝ Աբրահամյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ցուցմունք տվել և ամբողջովին վերականգնել պաշտպանության նախարարությանը պատճառված վնասը:

Թեև պաշտոնապես չի շեշտվում, սակայն, ակնհայտ է, որ այս ձերբակալությունները հետևեցին ապրիլին Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններին, երբ մի շարք խնդիրներ ի հայտ եկան։ Թե՛ ընդդիմադիրները, թե՛ քաղաքացիներից շատերն այս օրերին բարձրաձայնում էին զինված ուժերում առկա խնդիրների մասին ու պահանջում ոչ միայն պաշտոնանկ անել մեղավորներին, այլև պատժել։ Սակայն կա կարծիք, որ «պատժվածները» ընդամենը քավության նոխազ են, մինչդեռ գլխավոր մեղավորների մասին այդպես էլ չի խոսվում։