Երկրորդ նախագահ Քոչարյան. Ադրբեջանը չի լուծել և ոչ մի ռազմավարական խնդիր

Photo: www.2rd.am

Ադրբեջանում թերագնահատել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մարտունակությունը, ինչպես նաև` ագրեսիային դիմագրավելու Արցախի և Հայաստանի բնակչության պատրաստակամությունը` ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 1-ին` ապրիլյան պատերազմի մասին իր առաջին հրապարակային դիտարկումներում:

«Սկիզբ առած ռազմական գործողության գինը, դրա ընդարձակվող մասշտաբը, ըստ ամենայնի, անընդունելի էին դառնում Բաքվի համար, և պատերազմը կանգնեցվեց»,- ասել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահը իր ոչ պաշտոնական կայքին` 2rd.am-ին տված հարցազրույցում:

«Ես չէի ուզենա գնահատել տեղի ունեցածը որպես հաղթանակ կամ պարտություն: Ադրբեջանական զորքերը գրավեցին մեր դիրքերից մի քանիսը, սակայն ոչ մի ստրատեգիական խնդիր չլուծեցին: Ռազմական հաղթանակի էյֆորիան Բաքվում բացարձակապես անհիմն է:

Մենք էլ չվերականգնեցինք կորցրածը, ինչը նույնպես լավատեսություն չի ավելացնում` անկախ կորստի չափերից, իսկ ռազմական գործողությունների 4 օրվա ընթացքում մեր մարդկային կորուստները մեզ համար անսովոր և անընդունելի մեծ են»:

Քոչարյանը նշել է, որ ռազմական գործողություններից նաև ակնհայտ է դարձել, որ «նույնիսկ խախտված ռազմական բալանսի պայմաններում հակամարտության ռազմական հեշտ լուծում չկա»: «Եվ սա սա կարող է իրապես խթանել սառեցված բանակցային գործընթացը»,- հավելել է նա:

Իր հարցազրույցում Քոչարյանը նաև «հասկանալի» է որակել հասարակության ցավագին արձագանքն այն փաստին, որ Ադրբեջանը սկսել է գերազանցել հայկական կողմին սպառազինության որակով:

«Դա գաղտնիք չէր, սակայն մի բան է դա իմանալը, մեկ այլ բան՝ դրան դեմ առ դեմ մարտի դաշտում առերեսվելը: Ցավալին այն է, որ [Ռուսաստանի գլխավորած] ՀԱՊԿ անդամ, իր տարածքում ռուսական ռազմակայան ունեցող Հայաստանը նկատելիորեն զիջում էր հակառակորդին սպառազինության որակով»,- ասել է նա:

«Բոլորն ուզում էին հավատալ, որ ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ նվազագույնը երաշխավորում է ռազմական բալանսի պահպանումը, այսինքն՝ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը»:

Քոչարյանը, ով 1998-2008 թթ. եղել է Հայաստանի նախագահ, շարունակել է քննադատել Հայաստանի ներկայիս ղեկավարությանը, որը բանակն անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով ապահովելու համար բավարար աշխատանքներ չի կատարում:

«Նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում: Հարկ է անհապաղ լրացնել բոլոր առկա բացերը ու հասկանալի է, որ աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն տարվում են»:

Քոչարյանը անդրադարձել է նաև ապրիլին հակամարտության լարման ընթացքում ՀԱՊԿ որոշ երկրների վարքագծին, հայտարարելով, որ դրանք «անհամատեղելի են ռազմական դաշինքում մեր ընդհանուր անդամակցության հետ»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով մենաշնորհների և կաշառակերության դեմ պայքար սկսելու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարած ծրագրին, Քոչարյանն ասել է, որ «կառավարությունը պարտավոր էր զբաղված լինել [դրանով] ամենօրյա ռեժիմով»: