Դեպի հարավ. Հայաստանն աջակցում է Իրանի հետ առանց վիզային ռեժիմին

Photo: Nazik Armenakyan/Armenianow.com

Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Իրանի միջև քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմանը:

Հինգշաբթի կառավարության նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հիմնավորեց, որ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:

«Համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը: Այն սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում: Համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսաշրջությանը և կստեղծի առավել նպաստավոր պայմաններ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների համար»,- նշեց Քոչարյանը:

Արդեն անցյալ տարի Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների հիմնական մասը վերացվելուց հետո հույս կա, որ կզարգանան երկկողմ առևտուրը, զբոսաշրջությունը:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա առաջին երեք ամիսներին, 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, հարևան Իրանից 35,3 տոկոսով ավելի շատ զբոսաշրջիկներ են Հայաստան եկել: Մասնավորապես, մարտին, երբ Իրանում նշվում է նոր տարին՝ Նովրուզը, հազարավոր իրանցիներ նախընտրում են տոնական օրերը Հայաստանում անցկացնել: