Էջմիածին. Հռոմի Պապի այցը Հայաստան «խաղաղության ուղերձ» է

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան խաղաղության ուղերձ է տարածաշրջանի երկրներին, ինչպես նաև ողջ աշխարհին՝ խաղաղության հաստատման և կրոնական հանդուրժողականության իմաստով՝ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Հիշեցնենք, որ Հռոպի Պապի այցելությունը Հայաստան նախատեսված է հունիսի 24-26-ը, իսկ այդ երեք օրվա ընթացքում կլինեն մի շարք կարևոր իրադարձություններ:

«Պապը ժամանելու է կեսօրին, և ամբողջ ուրբաթ օրը հատկացված է լինելու արարողակարգային պաշտոնական հանդիպումներին: Օդակայանում բարի գալստյան արարողությունից հետո Պապն ուղևորվելու է Էջմիածին, որտեղ նույնպես տեղի է ունենալու հրաշափառի բարի գալստյան արարողություն, ինչից հետո նա պաշտոնական հանդիպում է ունենալու նախագահի հետ»,- ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարդապետ Անանյանը:

Նրա խոսքով՝ շաբաթ օրը նախատեսված է այց Ծիծեռնակաբերդ, որտեղ Հռոմի սրբազան քահանայապետը մասնակցելու է Հայոց Եղեռնի սուրբ նահատակների համար կատարվող բարեխոսական աղոթքին, ինչպես նաև ծաղկեպսակ է դնելու անմահ կրակի մոտ:

«Դրանից հետո մեկնելու է Գյումրի, որտեղ նախատեսված է Պապի պատարագը Գյումրու Վարդանանց հրապարակում: Լինելու է այցելություն Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցի, այնուհետև Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց մայր տաճար»,- նշեց նա:

Այնուհետև Պապը վերադառնալու է Երևան, որտեղ Հանրապետության հրապարակում  երեկոյան նախատեսված է խաղաղության համար հատուկ միջեկեղեցական աղոթք:

«Սա Պապի այցելության ամենահանդիսավոր և ամենամարդաշատ արարողություններից մեկն է, որին 50-60 հազար մարդ պետք է ներկա լինի: Սա խաղաղության աղոթք է միջեկեղեցական իմաստով՝ Մերձավոր Արևելքում և ընդհանրապես աշխարհում, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,- նկատեց նա:

Վարդապետ Անանյանի խոսքով՝ նախատեսված է նաև համատեղ հայտարարության ստորագրում, և հայտարարության տեքստը մինչև ստորագրելը մի քանի օր առաջ կտրամադրվի մամուլին:

«Այցի նշանակությունը շատ բազմաշերտ է. ամենակարևոր նշանակությունն այն է, որ սա շարունակություն է Հռոմի Պապի` անցյալ տարվա մատուցած պատարագի, որից հետո Սրբազանը խոստացել էր Հայաստան այցելել՝  իր հարգանքի տուրքը մատուցելու հայ ժողովրդին»,- եզրափակեց նա: