Նախկին փոխվարչապետը նշանակվել է ԱԱԽ քարտուղար

Photo: www.president.am

Հայաստանի նախկին փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրով նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

2014 թ. գարնանից այս պաշտոնը թափուր էր, երբ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց իշխող կոալիցիայից իր ղեկավարած «Օրինաց երկիր» («Հայկական վերածնունդ») կուսակցության դուրս գալուց հետո:

42-ամյա Գևորգյանը մինչև 2014 թ. հոկտեմբերը կառավարության համակարգից անսպասելի հեռանալը Հայաստանում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:

Այդ ժամանակից ի վեր նա գլխավորել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը, ինչպես նաև մասնակցել է Հարվարդի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ) Հարվարդի բիզնես դպրոցի ընդհանուր կառավարման գծով կրթական ծրագրին:

Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, երկուշաբթի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար կազմին ներկայացնելով նորանշանակ քարտուղար Գևորգյանին, նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Արմեն Գևորգյանն ունի բավականաչափ փորձ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կատարել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի դժվարին պարտականությունները… Վստահ եմ, որ կարճ ժամանակում ձեր օժանդակությամբ նա կարողանալու է մեր հանրությանը և մեր պետությանը մեկ անգամ ևս ցույց տալ, որ Ազգային անվտանգության խորհուրդը կարևոր օղակ է մեր պետական կառավարման համակարգում»:

«Բոլորդ շատ լավ գիտակցում եք, որ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմին է, բայց չի եղել որևէ կարևոր խնդիր, որ չքննարկվեր Խորհրդում, այնուհետև այդ քննարկման արդյունքներով որոշում չկայացվեր»,- հավելել է Հայաստանի նախագահը:

Գևորգյանը, իր հերթին, ասել է. «Ես համոզված եմ, որ մեր բոլորիս համատեղ ջանքերով, իրոք, կարող ենք այնպես անել, որպեսզի բոլորի ակնկալիքներն այս կառույցից արդարացված լինեն»: