Սարգսյան. հայ-չինական հարաբերությունների զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից

Photo: www.president.am

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «հայ-չինական բազմադարյա բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը» համարել է մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից` հունիսի 6-ին ընդունելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի առաջնորդը ողջունել է բարձրաստիճան հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը, ընդգծելով, որ այդ այցը Հայաստան վկայում է հայ-չինական երկկողմ համագործակցության բարձր մակարդակի և այն ամրապնդելու փոխադարձ ցանկության մասին:

Ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության` զրուցակիցները գոհունակությամբ են փաստել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական փոխգործակցությունը հետևողականորեն զարգացել և ընդլայնվել է՝ ներառելով քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներ:

ՀՀ նախագահը և Չինաստանի առաջին փոխվարչապետը նշել են, որ չնայած արտաքին տնտեսական ցնցումներին, վերջին տարիներին ակտիվ զարգանում է հայ-չինական տնտեսական համագործակցությունը: Համատեղ ծրագրերը, որոնք իրականացվում են արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտության, տեխնիկայի և մշակույթի բնագավառներում, նրանց համոզմամբ, կարևոր խթան են երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:

Չինաստանի առաջին փոխվարչապետը կարևորել է Եվրասիական տնտեսական միության հետ առևտրատնտեսական ոլորտում իր երկրի համագործակցությունը, նշելով, որ Հայաստանը` որպես ԵԱՏՄ անդամ պետություն, կարող է իր ներդրումն ունենալ այդ ուղղությամբ բանակցությունների առաջմղման գործում:

Կողմերը համակարծիք են եղել, որ հայ-չինական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը զգալիորեն նպաստում են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք հատկապես վերջին տարիներին պարբերական բնույթ ունեն: Սարգսյանը և Ճան Գաոլին գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Չինաստանի համագործակցության մասին:

ՀՀ նախագահը և Չինաստանի առաջին փոխվարչապետը կարևորել են նաև մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ համատեքստում առանձնացնելով չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման ծրագիրը: Նրանց համոզմամբ, դպրոցի կառուցումը խոստումնալից ներդրում է երկու երկրների ապագա սերունդների միջև բարեկամության սերտացման գործում: