Նախագահ Սահակյանն ասում է, որ պատգամավորի հետ կապված միջադեպը «ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը»

Photo: Photolure

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդդիմադիր պատգամավորի ծեծի ենթարկվելու միջադեպը որակել է «ուղղակի հարված ԼՂՀ պետականությանը»:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը երկուշաբթի Ստեփանակերտի հիվանդանոցում է ընկել քթի, այտոսկրի և կողոսկրերի կոտրվածքներով` Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին պաշտպանության նախարար նշանակելու նախաձեռնությունն ազդարարելուց ժամեր անց:

Բաբայանը մայիսին վերադարձել էր մի քանի տարի Ռուսաստանում անցկացնելուց հետո և անցյալ շաբաթավերթին ժամանել Ստեփանակերտ: Կիրակի Խանումյանն ուղեկցել է նրան քաղաքի հրապարակներից մեկում, որտեղ հարյուրավոր բնակիչներ եկել էին նրան ողջունելու: Սակայն նախկին ուժեղ ազդեցություն ունեցող հրամանատարը իր խոսքում ասել է, որ չի պատրաստվում ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու:

Ղարաբաղի խորհրդարանականները դատապարտել են Խանումյանին ծեծի ենթարկելը, սակայն դրա քաղաքական դրդապատճառներին չեն անդրադարձել:

Իր հայտարարության մեջ նախագահ Սահակյանն ասել է. «Նախօրեին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցած միջադեպն անընդունելի եմ համարում: Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում մարդու և քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս:

Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը և մեր կողմից որդեգրված արժեքներին: Ես մշտական կապի մեջ եմ ԼՂՀ իրավապահ մարմինների հետ, տեղեկանում եմ հետաքննության զարգացումներին: Գործընթացը գտնվում է իմ անմիջական վերահսկողության ներքո, և վստահեցում եմ, որ իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»:

Լեռնային Ղարաբաղի նախագահը միևնույն ժամանակ կոչ է արել բոլորին «զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից և մեկնաբանություններից, քանի դեռ չկան հետաքննության վերջնական արդյունքները»:

«Հետաքննության ընթացքի վերաբերյալ բոլոր մանրամասներն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կներկայացվեն հանրությանը: Ես նաև մշտական կապ եմ պահպանում ԼՂՀ առողջապահության նախարարի հետ, ինձ պարբերաբար տեղեկություններ են հաղորդվում պարոն Խանումյանի առողջական վիճակի վերաբերյալ: Հայկ Խանումյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասել է Սահակյանը: