Զեման. Չեխիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Photo: Photolure

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ցանկանում է, որ իր երկիրը հետևի Գերմանիայի օրինակին` Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները պաշտոնապես ցեղասպանություն ճանաչելու: Նա սա ասել է մինչև պաշտոնական այցով Հայաստան ժամանելը` ըստ չեխական լրատվամիջոցների:

Ինչպես տեղեկացնում է parlamentnilisty.cz կայքը, Զեմանը, ով երեքշաբթի երեկոյան ժամանել է Հայաստան, հայտարարել է. «Հայաստանից վերադառնալուց հետո կդիմեմ Չեխիայի կառավարությանը, ինչպես նաև խորհրդարանին` կոչ անելով հետևել ոչ միայն Գերմանիայի Բունդեսթագի և Ֆրանսիայի խորհրդարանի օրինակին, որտեղ համապատասխան օրենքներ են ընդունվել, այլև Ռուսաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Իտալիայի և այլ պետությունների, որովհետև կարծում եմ, որ այս հարցում մենք մի փոքր հետ ենք մնացել»,- նշել է Զեմանը:

Նախատեսվում է, որ հունիսի 7-9-ը Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը պետական այցի ընթացքում կհանդիպի ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

ՀՀ նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Զեմանը և Սարգսյանը

կստորագրեն փաստաթղթեր և հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:

Երևանում Հայաստանի և Չեխիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը: