
Հայաստանի հատուկ ծառայությունները ներկայումս ստուգում են այն հանգամանքները, թե ինչպես է երեքշաբթի ադրբեջանցի կինն անցել հայկական կողմ:
39-ամյա Թովուզի շրջանի Յանըխլը գյուղի բնակչուհի Զոհրա Վարձար-քըզը Վալիևան Հայաստանի տարածք է անցել խիստ ռազմականացված հյուսիսարևելյան սահմանով, որի առանձին հատվածներ տեղանքի առանձնահատկությունների պատճառով քիչ վերահսկելի են:
Ինչպես հաղորդվել է, Հայաստանի համապատասխան մարմինները միջադեպի մասին տեղեկացրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան պատվիրակությանը:
Նախկինում նույնպես Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները պատահաբար կամ քաղաքական ապաստան հայցելու նպատակով անցել են սահմանը և հայտնվել թշնամու տարածքում: Սակայն սա Լեռնային Ղարաբաղում ապրիլի սկզբին կարճատև հայ-ադրբեջանական պատերազմից հետո առաջին դեպքն է: