Խորին երախտագիտությամբ. «ԱրմենիաՆաուն» թերթում է 14 տարվա առաջամարտիկ լրագրության էջը

«ԱրմենիաՆաուի» սիրելի ընթերցողներ,

Շնորհակալություն 14 տարի շարունակ մեզ աշխատանքն իմաստալից դարձնելու համար: Այսօր, սակայն, մենք անում ենք մեր գործը վերջին անգամ:

Այս հրապարակմամբ մենք ավարտում ենք հայաստանյան լրագրության մի հիանալի դրվագ: Ավարտում ենք այն ակնկալիքով, որ մեր էջերը պատրաստած լրագրողները կշարունակեն ազդեցություն ունենալ տեղական լրատվական դաշտի վրա, և դուք, հավանաբար, դեռևս հնարավորություն կունենաք նրանց աշխատանքներին առնչվելու:

2002-ի հուլիսին «ԱրմենիաՆաուն» հայտնվեց անսպասելի, մի ժամանակ, երբ առցանց լրատվամիջոցի հաստատման համար մեծ շանսեր չկային այն երկրում, որտեղ dial-up-ը լավագույն ինտերնետային կապն էր համարվում, և սոցիալական կայքերը դեռ հորիզոնում չէին նշմարվում:

Մենք սկսեցինք այն մտադրությամբ, որ կարողանանք լրացնել այն բացը, որ մեր կարծիքով գոյություն ուներ հասարակության` հատուկ շահեր սպասարկող լրատվամիջոցներից դեպի ավելի անկախ լրատվական միջավայր անցնելու ճանապարհին: Ու թեպետ «ԱրմենիաՆաուն» (ու նրա հիմնադիր` «Նոր ժամանակ» լրագրողների վերապատրաստման կենտրոն ՀԿ-ն) անշուշտ առաջինը չէր, որ «արևմտյան ոճով լրագրության» ուսուցում էր առաջարկում, սակայն լսարանից մինչև խմբագրություն ճանապարհին գոյություն ուներ պակասող ևս մեկ բաղադրիչ…

Միլիոնավոր դոլարներ, ֆունտ ու ֆրանկ էր ծախսվում ժամանակակից սարքերի, օտարերկրյա փորձագետների, ծրագրերի վրա, որոնք խոստումնալից էին, բայց մեծ հաշվով` անարդյունավետ: Պարզ ասած` մինչ երիտասարդ կամ փորձառու լրագրողներին սովորեցնում էին` ինչպես աշխատել, նրանց իրենց սովորածը կիրառելու համար հարթակ չէր տրամադրվում: «ԱրմենիաՆաուն» դարձավ նման մի հարթակ:

Մենք օգնեցինք լրագրողներին զարգանալու` նրանց վերապատրաստման դասընթացներին գումարելով սեփական անունը իրենց հեղինակած հոդվածի սկզբում տեսնելու պատասխանատվությունը, հոդված, որն ի վերջո հասնելու էր ավելի քան 100 երկրում ապրող ընթերցողների: Դյուրին գործ չէր. լրագրողները գրում էին հայերեն, ապա տեքստերը թարգմանվում էին անգլերեն, խմբագրված անգլերեն տարբերակը հետ էր թարգմանվում հայերեն, որպեսզի լրագրողը կարողանար տեսնել կատարված փոփոխություններն ու հետագա աշխատանքում համապատասխան շտկումներ կատարեր:

«ԱրմենիաՆաուն» սկսեց աշխատել որպես առցանց շաբաթաթերթ` ամեն ուրբաթ հրապարակելով շուրջ 10 հոդված: Որոշ ժամանակ անց և լրագրողների, թարգմանիչների, խմբագիրների ավելի հմտանալուց հետո մենք դարձանք օրաթերթ` նույն ծավալով նյութեր հրապարակելով արդեն ամեն օր:

Մեր աշխատակազմը` լրագրողներն ու ֆոտոլրագրողները, այդ ընթացքում արժանացել են տեղական, տարածաշրջանային և միջազգային մրցանակների ու կրթաթոշակների: Ու շատ կարևոր է, որ «ԱրմենիաՆաուի» որոշ «սաներ» իրենք են նոր լրատվամիջոցներ հիմնել` ներդնելով այն մեթոդները, որոնք Հայաստանում եզակի էին և առաջին անգամ կիրառվել էին «ԱրմենիաՆաուի» էջերում:

2002-ին մեր ապագան դեռևս մշուշոտ էր։ Մեկ տարի գործեցինք նվիրատվությունների շնորհիվ, որոնք առանձին անհատների կողմից ամսական միանվագ ներդրումներ էին։ (Շնորհակալություն, Ջեյմս Թուֆենկյա՛ն, մեզ աջակցելու համար, երբ թվում էր, թե մենք կարող ենք խորտակվել:)

Այնուհետև, 2003-ին, Լուիզ Սիմոնը Հայկական բարեգործական ընդհանուր միության միջոցով դարձավ մեր բարերարն ու այդպիսին մնաց մինչ օրս։ Ամենամեծ բանը, որի համար մենք պետք է տիկին Սիմոնին արժանին մատուցենք, այն է, որ նա երբևէ ճնշում չի գործադրել ո՛չ խմբագրական աշխատանքի վրա, ո՛չ էլ միջամտել է, թե ինչպես պետք է «ԱրմենիաՆաուն» լուսաբանի իրադարձությունները կամ թե ինչ դիրքորոշում պետք է ունենա քաղաքական կամ սոցիալական հարցերում։

«ԱրմենիաՆաուին» նրա աջակցությունը իր ընտանիքի հայտնի երկարատև բարեգործական ավանդույթների շարքում է, որոնց շնորհիվ նրա ընտանիքը Հայաստանում և սփյուռքում արժանացել են մեծ հարգանքի, ու մենք հուսով ենք, որ նա նույնպես վայելում է իր առատաձեռնության պտուղները:

2002 թ. ամռան շոգին «ԱրմենիաՆաուն» դեռ մտահղացում էր, որ սկսեց իրականանալ այն ժամանակ, երբ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի այն ժամանակվա հիմնադիր-տնօրեն շվեյցարահայ Վիգեն Չեթերյանը մի քանի շաբաթով մեզ վարձակալության հանձնեց ինստիտուտի վերին հարկը: Շնորհակալություն, Վիգե՛ն:

Բրիտանացի լրագրող Թոնի Հալփինն ու ամերիկացի լրագրող Ջոն Հյուզը հիմնադրեցին «ԱրմենիաՆաուն»: Բայց այն վաղուց արդեն դարձել է հայկական, և մենք շնորհակալ ենք նրա մի մասը լինելու համար։ «ԱրմենիաՆաուն» ի սկզբանե որդեգրել էր լինել մի լրատվամիջոց, որը կլինի Հայաստանի մասին և որը կստեղծեն նրանք, ովքեր ապրում են Հայաստանում: Գոհացնող էր տեսնել, թե ինչպես էր այս ամբողջն իրականություն դառնում բազմաթիվ տաղանդավոր մարդկանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

Վերջին տասնչորս տարիներին ավելի քան հարյուր լրագրողներ և ուսանողներ են մասնակցել «ԱրմենիաՆաուի» կյանքին տարբեր փուլերում։ Մենք նույնիսկ արտերկրից հյուրընկալել ենք ստաժորների։ Մեր հիմնական նպատակն էր պատրաստել ստույգ և արժանահավատ տեղեկատվություն։ Հույս ունենք, որ ծառայեցինք մեր նպատակին և ապահովեցինք տեղական լուրերը գլոբալ լսարանի համար։

Շնորհակալ ենք մեզ ընթերցելու համար: