Օսկանյան. սխալների ու բացթողումների համար իշխանություններից պետք է հաշիվ պահանջենք

Photo: Photolure

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը ցանկանում է առաջիկայում կուսակցություն ստեղծել, համաձայն չէ առաջին նախագահ և ընդդիմության ներկայիս առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետին, որ «հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու ժամանակը չէ»:

Տեր-Պետրոսյանն այս մասին հայտարարել էր երկուշաբթի տված հարցազրույցում` իր վաղեմի գլխավոր ախոյան նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից երկու օր անց, որի ընթացքում քննարկվել էր «ներազգային համախմբման անհրաժեշտությունը»` այս ամիս ավելի վաղ Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմից հետո Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին սպասվող նոր «մարտահրավերների»  ֆոնին:

Իր ֆեյսբուքյան գրառման մեջ Օսկանյանը նշել է, որ առավել «մտահոգիչ և անընդունելի» է Տեր-Պետրոսյանի այն միտքը, թե հիմա իշխանություններին մեղադրելու ժամանակը չէ:

«Մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է սխալների ու բացթողումների համար իշխանություններից հաշիվ պահանջենք։ Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է գնանք քաղաքական արմատական բարեփոխումների, ամրապնդենք ժողովրդավարությունը և ստեղծենք ամուր պետություն: Մենք հնարավորինս շուտ պետք է վերջ տանք նյութական մսխումներին, չարաշահումներին և հանրային միջոցներն ուղղենք պետության զարգացմանն ու բանակի արդիականացմանը։ Մենք առավել ևս և հնարավորինս շուտ պետք է ազատ, արդար, մրցունակ և գրավիչ տնտեսություն ստեղծենք»,- մասնավորապես գրել է Օսկանյանը: