
Հայաստանի փոփոխված Սահմանադրությունը վերացնում է ընտրությունների մինչ այժմ գործող խառը համակարգը` այն փոխարինելով 100 տոկոս համամասնական ընտրակարգով, բայց մեծամասնական ընտրակարգի որոշ տարրեր պահպանելու բանավեճերը դեռ շարունակվում են երկրի քաղաքական ասպարեզում:
Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծն ապահովում է դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության այն դրույթը, որ երկիրն անցնում է 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Ըստ էության` լինելու են միաժամանակ բաց և փակ համամասնական ցուցակներ:
Կուսակցությունների մի մասը կողմ է 100-տոկոսանոց համամասնականին, իսկ ոմանք` մեծամասնականին: Երկու համակարգերն էլ ունեն իրենց դրական և բացասական կողմերը: Համամասնականի դեպքում ընտրություններին մասնակցում են միայն կուսակցություններ, չկան անհատ թեկնածուներ, միայն կուսակցականներն են, ու այդ համամասնությամբ ընտրվում են պատգամավորները: Ի տարբերություն համամասնականի` մեծամասնականի դեպքում անհատներ են, և այդ համակարգը հնարավորություն է տալիս առանձին անձանց զբաղվել քաղաքականությամբ` առանց որևէ կուսակցության հարելու: Թեև մեծամասնական ընտրակարգի թեկնածուները սովորաբար նույնպես լինում են այս կամ այն կուսակցության անդամ կամ աջակից, կամ ստանում են այս կամ այլ կուսակցության աջակցությունը:
100 տոկոս համամասնականի դեպքում ցանկացած պատգամավորության թեկնածու պետք է կապված լինի կուսակցության հետ, այսինքն` քաղաքականություն մտնելու համար պետք է կուսակցական լինի, իսկ որոշ պատգամավորներ այս համակարգը բացասական են համարում, որովհետև կորչում է անմիջական կապը ընտրողի և պատգամավորի միջև:
Որոշ կուսակցությունների կարծիքով էլ`մեծամասնականի վատն այն է, որ ընտրապայքարի ընթացքում քաղաքական գործիչը շեղվում է քաղաքական կարևոր հարցերից և վերածվում է բակային մակարդակի` ասֆալտ փռելու, դպրոցի, մանկապարտեզի, այգի կառուցելու և այլ հարցեր լուծողի: Բացի այդ, ավելի մեծ թափով կարող են օգտագործվել փողը ու այսպես կոչված վարչական ռեսուրսը:
Քննարկվում է նաև նոր Ընտրական օրենսգրքով ռեյտինգային կոչվող քվեարկության մեխանիզմը, որը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը բացատրել է այսպես. «Այն համակարգը, որ ձեզ առաջարկվել է, կոչվում է համամասնական ընտրություն բաց ցուցակներով: Կամ` կոմբինացիա բաց և փակ ցուցակների: Այսինքն՝ առաջին տեղում նախընտրում եմ այս թեկնածուին, երկրորդ տեղում՝ այս, երրորդ տեղում՝ այս: Սա ռեյտինգային է»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում նշում է, որ 100 տոկոս համամասնականի ներկայիս խնդիրներից մեկն այն է, որ չլինեն փակ ցուցակներ:
«Եթե 100 տոկոսով համամասնական համակարգ է, դա չի նշանակում, որ մեծամասնականով հատուկ առանձին ընտրատեղամասը չի լինելու, որտեղ մարդ գնալու է ասի` ես միայն համատեղ եմ ընտրվելու: Պետք է ընդգրկված լինի որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կամ խմբի կողմից առաջարկված ցուցակների մեջ և ընտրվի ըստ դրա:
Ցուցակի մեխանիզմները կարող են լինել տարբեր` բաց, փակ, կիսաբաց, կիսափակ: Սրանք բոլորը համամասնականի տարբերակներն են, բայց բոլորը համամասնական են: Այդ մեխանիզմները նպաստում են կուսակցությունների զարգացմանը, որովհետև մարդիկ պետք է հասկանան ռեյտինգային համակարգը, և դրա մեջ պետք է ռեգիոնային գաղափարը ընդգրկվի, և մարզերում ևս կուսակցությունները զարգանան»,- ասում է նա:
Նրա խոսքով` նորաստեղծ կուսակցությունների համար դժվար է մարզերում ունենալ անունով մրցակցային թեկնածուներ, մյուս կողմից` եթե տրանսֆորմացիայի չդիմեն, մարզային կուսակցական համակարգերը երբեք չեն զարգանա:
Պողոսյանը որպես օրինակ նշում է նորաստեղծ կուսակցություններին, որոնք փորձում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասնակցության հայտ ներկայացնել: Այդ կուսակցություններից են «Լուսավոր Հայաստանը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայկական վերածնունդը»:
«Նրանք պետք է կարողանան նաև մարզերում մրցել, որ կուսակցական գաղափար ասվածը չդառնա երևանյան գրասենյակային գաղափար, այլ նաև տարածվի մյուս շրջանների խնդիրների վրա: Մրցակցային գաղափարը կբերի նաև հզորացմանը, ինչը դրական ազդեցություն կունենա: Այս պահին, եթե դրանից սկսում ենք, իշխող կուսակցությունը կամ մյուս անունով կուսակցությունները ունենում են սկզբնական շատ ավելի բարձր դիրք»,- նշում է նա:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, որը նոր Ընտրական օրենսգրքի համահեղինակներից մեկն է, փորձել է բացատրել, թե ինչո՞ւ են իրենք կանգ առել համամասնականի հենց այս տարբերակի վրա:
«Փակ և բաց ցուցակների մասին վերջին վերլուծությունը անցած տարվա փետրվարին Վենետիկի հանձնաժողովն է արել` 61 երկրի: Եվ բավականին հետաքրքիր վերլուծություն կա փակ ու բաց ցուցակների հետ կապված, և հետաքրքիր է, որ բացի չորս երկրներից, որոնք մեծամասնական են այդ վերլուծության մեջ, մնացած երկրներում, որտեղ կա խառը համակարգ, համամասնական համակարգում 50 տոկոսով փակ ցուցակներով են անցնում, 50 տոկոսով՝ բաց:
Այն երկրներում, որտեղ ներքին կուսակցական ժողովրդավարությունը պատշաճ վիճակում չէ, խորհուրդ է տրվում անցնել բաց ցուցակների, բայց կուսակցական պառակտում թույլ չտալու համար դրանք խորհուրդ չի տրվում տարածել ողջ երկրով մեկ»,- «4+4+4» ձևաչափով աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարել է նա:
Հայաստանում մինչ այժմ խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործել է խառը ընտրակարգ՝ 90/41 հարաբերակցությամբ, իսկ այժմ, ըստ որոշ ընդդիմադիր գործիչների, այն, ըստ էության, կարող է վերածվել 50/50 տարբերակի, այսինքն` ձևով լինել համամասնական, բայց գործնականում ենթադրել խառը համակարգ, որն իր մեջ կպարունակի մեծամասնականի տարրեր:
ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն էլ կտրականապես դեմ է առաջարկվող ռեյտինգային տարբերակին, քանի որ կարծում է, որ «ռեյտինգային համակարգը քողարկված մեծամասնական է, ինչն ավելի վատն է, քան գործող մեծամասնականը»:
«Ես միշտ 100 տոկոս մեծամասնականի կողմնակից եմ եղել, բայց քանի որ Սահմանադրության մեջ գրվել է 100 տոկոս համամասնական, ես պնդում եմ, որ պետք է պահպանել գրվածը և որևէ նոր տրյուկով չփորձել իշխանությանը ձեռնտու տարբերակ ընդունել:
Ռեյտինգայինի դեպքում մարդիկ էլի գնալու են և կոնկրետ մարդկանց են ձայն տալու, իսկ մրցակցությունը չի լինելու կուսակցությունների բրենդների միջև, այլ մարդկանց: Այդ պարագայում իշխանությունը վարչական ռեսուրսի կիրառմամբ և լուրջ փողերի ներդրմամբ էլի հնարավորություն է ունենալու ընտրությունների քաղաքական մակարդակը գցել, որը մեզ պետք չէ»,- «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում նկատում է նա:
Ինչպես պնդում են փոփոխված Սահմանադրություն կերտողները` բոլոր օրենքները պետք է բխեն 2015-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով ընդունված մայր օրենքի տրամաբանությունից, հիմնվելով եվրոպական չափանիշներին համապատասխանության վրա:
Խորհրդարանական պետություն հանդիսացող Եվրամիության անդամ երկրների կեսում, ի թիվս որոնց` Ավստրիան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Լեհաստանը, Լատվիան, Էստոնիան, Հունաստանը, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, կիրառվում է ընտրությունների անցկացման համամասնական համակարգը:
Այս երկրներում ամրագրված է համամասնական ընտրակարգը՝ տարբեր տեսակներով (փակ և բաց կուսակցական ցուցակներով, խառը համամասնական, փոխանցելի քվեով, վարկանիշային և այլն):
Ի վերջո, պետք է նշել, որ անկախ ընտրակարգից` հանրությունը ցանկանում է, որ իր ձայնը լսելի լինի խորհրդարանում, իսկ ընդունված որոշումները բխեն իր շահերից:
Նյութը պատրաստվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Ֆրիդրիխ-Էբերտ-Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ իրականացված նախագծի շրջանակներում: