Փաշինյան. Հրազդանի ընտրություններում ընդդիմադիր յուրաքանչյուր ձայն «պահել ենք»

Photo: Photolure

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հրազդանի ընտրություններին յուրաքանչյուր քաղաքացու՝ մեզ տված քվեն կարողացել ենք պահպանել` Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո թիմակիցների հետ հանդիպմանն ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա կարծես թե առաջին ընտրությունն է, որի ժամանակ որևէ քաղաքացի չի կարող ասել, որ չենք կարողացել պահել իր ձայնը, թեկուզ բարոյական, քաղաքական, բայց սա ևս հաղթանակ է»,- ասել է նա:

Քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանն իր հերթին ասաց, որ շատ վիրավորական է, երբ երկրի համար օրհասական պահին իշխանություները կարող են շարունակել ընտրակեղծիքներով և ընտրակաշառքի միջոցով հաղթելու քաղաքականությունը:

«Իշխանությունները իրենց բոլոր ստրուկտուրաներով անում են այն, ինչին բոլորս բազմիցս ականատես ենք եղել, բայց չգիտեմ ինչ գիտակցության կարելի է բերել ժողովրդին, որ չվերցնեն ընտրակաշառք, չգնան կեղծիքների»,- ասել է նա:

Միքայելյանը, այնուամենայնիվ, նշել է, որ չի հուսահատվում, ինքը չէր եկել քաղաքապետ դառնալու, ընդամենը ուզում էր ժողովրդին փրկել այդ վիճակից:

«Ելք չեմ կարողանում ասել, միայն մի խնդրանք ունեմ՝ գաղափարի մարդը երբեք չպետք է հուսահատվի»,-ե զրափակեց նա:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններին գործող քաղաքապետ, Հանրապետական Արամ Դանիելյանը 12.510 քվեով առաջ էր անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանից, ով ստացել էր ընտրողների 10.267 քվե:

Սասուն Միքայելյանը, մինչև ԱԺ պատգամավոր ընտրվելը եղել է Հրազդանի քաղաքապետը։ 2008-ի նախագահի ընտրությանը պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, այնուհետև զրկվել պատգամավորի մանդատից և բանտարկվել մարտի 1-ի գործով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, բազմաթիվ վստահված անձինք, հետևելով ընտրությունների ընթացքին, v6000.am և realelections.am կայքերի միջոցով տեղեկացնում էին ընտրախախտումների և քվեարկության արդյունքների մասին:

Կուսակցության ներկայացուցիչները և վստահված անձինք բարձրաձայնում էին քվեարկած ընտրողների և մարված ելունդների թվի, ստորագրությունների քանակի և քվեաթերթիկների քանակի միջև առկա անհամապատասխանությունների մասին:

Տեղեկացնում էին նաև կաշառք բաժանելու, քվեարկության գաղտնիության խախտման և ընտրությունների արդյունքների կեղծման դեպքերի մասին, տեղամասերում մեծաքանակ կուտակումների մասին:

Հատկանշական է, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններին զուգահեռ, ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել նաև Թալինում, Սպիտակում և Քանաքեռավանում, որտեղ ձայների մեծամասնությամբ հաղթել են համայնքների գործող ղեկավարները, որոնք նույնպես իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են: