
Իշխանությունը հայտարարել է, որ ընդդիմության առնվազն երկու առաջարկ տեղ կգտնի Ընտրական օրենսգրքի նախագծում, որն այս շաբաթ հավանաբար կներկայացվի խորհրդարան, ինչը սակայն ընդդիմության ակնկալիքները այդքան էլ չի արդարացրել:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ անցկացվող Ընտրական օրենսգրքի շուրջ ՀԱԿ-ի առաջարկած 4+4+4 ձևաչափով հանդիպման արդյունքները, ինչպես նաև իշխանության դիրքորոշումը:
4 + 4 + 4 ձևաչափը նախատեսում էր հավասարության սկզբունքով Հայաստանի իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներառել նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներին:
«Մենք առաջարկում ենք հրաժարվել քվեաթերթիկները և ծրարները հատուկ հաշվառման փաստաթուղթ համարելուց: Սա ամենակարևոր պահերից մեկն է, որովհետև բազմաթիվ կարծիքներ էին շրջանառվում, լուրեր, ասեկոսեներ, թե տպվում են կեղծ քվեաթերթիկներ»,- հայտարարել է նա:
Հարությունյանը նշել է, որ հրաժարվելու են նաև առաջարկվող գունավոր քվեաթերթիկներից. «Լինելու է անկյունը կտրված ծրար, ինքնասոսնձվող դրոշմանիշներ՝ յուրաքանչյուր տեղամասի համար սպեցիֆիկ: Այն փակցվելու է քվեաթերթիկի վրա, որը երևալու է ծրարի կտրված անկյունից»,- նշել է նա:
Իշխանությունը մասամբ է ընդունել ընդդիմության առաջարկը՝ ունենալ երկու ցուցակ՝ ՀՀ-ում գտնվող ու բացակա քաղաքացիների մասին. «Ամեն կուսակցության ներկայացուցիչ կարող է իր համար ստեղծել նման ցուցակներ ու նույնը էլեկտրոնային տարբերակով լինի, և քվեարկության ժամանակ սարքը մի լրացուցիչ ազդանշան կարող է տալ, որ այս մարդը ենթադրաբար բացակայում է երկրից»:
Նա նշել է, որ իշխանությունները չեն ընդունել ընդդիմության պահանջած մատների թանաքոտումը, սակայն իրենք ունեն կոնկրետ առաջարկություն:
«Յուրաքանչյուր ընտրող իր մատնահետքը կթողնի սարքի մեջ, իսկ հաջորդ օրը այդ հետքերը կհավաքվեն, ու դա պետք է լինի բոլոր մասնակից կուսակցությունների ներկայացուցիչների ներկայությամբ: Դրանք կհամադրվեն ու կդրվեն կենտրոնական սերվերի մեջ և կիմանանք՝ արդյոք կա՞ն ընտրողներ, որոնց մատնահետքերը կրկնվում են»,- նկատել է նա:
Ինչ վերաբերում է քվեարկությունից հետո ստորագրված ընտրացուցակների հրապարակմանը, Հարությունյանն ասել է, որ իրենք միանշանակ չեն ընդունել դա:
Կոնսեսուսը չկայացավ` հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, նշելով, որ բանակցությունները չտվեցին համապատասխան արդյունք:
«Այս պահին արձանագրենք, որ կոնսենսուսը չկայացավ, և մենք այս ֆորմատի բանակցությունները համարում ենք ավարտված՝ մի փոքր հավելումով: Եթե ձեր կողմից որևէ ազդանշան լինի, որը ցույց է տալիս ձեր պատրաստակամությունը ինչ-որ լուրջ զիջումների գնալ, որոնք մեր հասարակության, հանրության համար ընկալելի կլինեն, մենք պատրաստ կլինենք դրանք վերսկսել: Այս պահին այն զիջումները, որ դուք կատարում եք, բացարձակապես բավարար չեն հասարակության, հանրության, ընդդիմության ակնկալիքներին»,- եզրափակել է նա: