Ըստ հանրապետականի` Հրազդանի ընտրությունները մեկ քայլ առաջ են

Photo: Photolure

Հաշվի առնելով զանգվածային ընտրակեղծիքների բացակայությունը, պարտված թեկնածուի`Սասուն Միքայելյանի ստացած մեծաքանակ քվեներ` Հրազդանի քաղաքապետի ընրությունները մեկ քայլ առաջ են` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Ապրիլի 17-ին Հրազդանում անցկացված քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, ով ներկայացնում է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ):

Դանիելյանը ստացել է 12.510 քվե, իսկ նրա հիմնական ընդդիմադիր մրցակից Սասուն Միքայելյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն)` 10.267 ձայն:

«Բնականաբար, չեմ բացառում առանձին խախտումների, բաժանված ընտրակաշառքի դեպքերը, բայց դրանք էական ազդեցություն չեն ունեցել վերջնական արդյունքի վրա, ինչը փաստում է նաև Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը»,- ասաց նա, հավելելով, որ իրավական առումով կողմերը բողոքելու ոչինչ չունեն:

«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանն իր հերթին նշեց, որ ներկա է եղել քվեարկության ողջ գործընթացին Հրազդանի ընտրատեղամասերից մեկում, և պնդեց, որ ընտրախախտումները կարելի էր երկու մասի բաժանել` տեղամասերից դուրս և ներս:

«Շատ մեծ խմբերով մարդիկ էին գալիս ընտրություններին, հանձնաժողովների անդամների կողմից ուղղորդում կար»,- նշեց նա:

Ալեքսանյանը նշեց, որ ՏԻՄ ընտրություններն իրենց բնույթով շատ են տարբերվում համապետական ընտրություններից.

«Այստեղ շատ մեծ ազդեցություն են ունենում բարեկամական-ընկերական կապերը, ընտրակաշառք որպես այդպիսին հիմնականում չկա»,- պնդեց նա:

Հարցին, թե հաշվի առնելով Հրազդան քաղաքի անբարեկարգ վիճակը, ինչո՞ւ պետք է քաղաքացին ընտրեր 14 տարի ղեկավարած և քաղաքի համար ոչինչ չանող քաղաքապետին, նա նշեց. «Այնպես չէ, որ մինչ այդ Հրազդանում ամեն ինչ լավ է եղել`ասֆալտապատ ճանապարհներով, կանաչապատված այգիներով և գործող վերելակներով, բացի այդ, արտաքին երևույթները ցուցանիշ չեն քաղաքապետի աշխատանքին գնահատական տալու համար, կարևորն այն բարոյահոգեբանական մթնոլորտն է, որը պետք է տիրի համայնքում»:

«Խելացի իշխանությունները երբեք թեկնածու չեն առաջադրում այնպիսի համայնքի ղեկավարի, ով իր համաքաղաքացիների կողմից չի ընդունվում»,- եզրափակեց բանախոսը: