Ընդդիմությունը և իշխանությունը դեռ տարաձայնություններ ունեն ընտրական օրենսգրքի շուրջ

Ընդդիմության պնդմամբ՝ 2017-ի խորհրդարանի ընտրություններում կշարունակվեն ընտրակեղծիքները, քանի որ 4+4+4 ձևաչափի առաջարկած կետերը լրիվ չեն ընդունվել՝ ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:

«Իշխանության ներկայացուցիչները կարծես առաջարկեցին ինչ-որ զիջումներ, որոնք կարող էին ավելացնել հասարակության վստահությունը, բայց ես հասարակական կազմակերպությունների անունից կարող եմ ասել, որ այդ առաջարկները բացարձակապես բավարար չէին»,- չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Այվազյանը:

Իշխանության կողմից մասնավորապես երկու զիջում առաջարկվեց՝ ամրագրել օրենսգրքով էլեկտրոնային մատնահետքերով քվեարկությունը և ընտրողների հերթական համարների տրամադրում ընտրացուցակում:

«Շատ կարևոր է պետության կողմից պատասխանատվությունը, որպեսզի ընդհանուր վստահության մթնոլորտ ստեղծվի, բայց, կարծես, պետությունը չստանձնեց նման պատասխանատվություն»,- նկատեց նա:

«Մեր բոլոր հանդիպումների ժամանակ իշխանությունները պնդում էին էլեկտրոնային գրանցման տարբերակը ներառել, և որպես ընդառաջում դա ընդգրկեցինք մեր համաձայնեցված փաթեթային տարբերակի մեջ, արդյունքում` մեր ներկայացրած հինգ կետերը դարձան վեց:

Տարօրինակ էր, որ հանդիպման ընթացքում իշխանության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ 99 տոկոսով այդ կետերը քննարկելի չեն, և մենք ստիպված էինք հայտարարել, որ սա համարում ենք 4+4+4 ձևաչափի ձախողված փուլ»,- նշեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի խոսքով էլ՝ իրենք ի սկզբանե երկու պայման են առաջ քաշել, նշելով, որ համաձայն են քննարկումներ ծավալել ցանկացած ձևաչափով, բայց դա չի լինելու քննարկման միակ ձևաչափը, որտեղ որոշումներ են կայացվելու:

«Քննարկումները բավականին արդյունավետ էին, և դրանց արդյունքները արտացոլված են փոփոխություններում, օրինակ` մատները թանաքոտելու փոխարեն էլեկտրոնային մատնահետք վերցնելը ներառված է փոփոխությունների մեջ»,- եզրափակեց նա: