«Մտահոգ քաղաքացիներ…». եվրոպամետ ակտիվիստները պահանջում են հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից

Photo: Photolure

«Հայաստանին սպառնացող աղետներով մտահոգ քաղաքացիներ» նորաստեղծ նախաձեռնությունը անցկացնում է ստորագրահավաք՝ պահանջելով Հայաստանի իշխանություններին հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից և խորացնել համագործակցությունը եվրոպական կառույցների հետ:

Նախաձեռնության կազմակերպիչներից են «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, խորհրդային տարիների հայտնի այլախոհ Պարույր Հայրիկյանը, որն իր քաղաքական հայացքների համար շուրջ 17 տարի դատապարտվել է ազատազրկման, և կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

«Հայաստանը թույլ է տվել իր տարածքում ռազմական բազա ունենալ մի պետության և այդ պետությանը դաշնակից է համարում այն դեպքում, երբ վերջինը պայմանագիր ունի մեկ այլ պետության հետ՝ Հայաստանի դեմ ուղղված: Սա անթույլատրելի է և անտրամաբանական: Հայաստանում բոլորը կարող էին ռազմական բազա ունենալ, բացի Ռուսաստանից»,- հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրիկյանը:

Ստորագրահավաքը տեղի է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած այցի ընթացքում: Ըստ երևույթին, ռուս դիվանագետը իր հետ Հայաստան է բերում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նոր պլան, որը, ըստ ռուսական մամուլի, ենթադրում է տարածքային զիջումներ Ադրբեջանին և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայում Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես նշում են ստորագրահավաքի նախաձեռնության կազմակերպիչները, Ռուսաստանի թշնամական կեցվածքը բխում է 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական հակահայկական պայմանագրից և Հայաստանի անկախացումից հետո այդ պայմանագրին հավատարիմ մնալու Ռուսաստանի դիրքորոշումից:

Խզմալյանի խոսքով՝ ստորագրահավաքին նպաստել է երեք հանդիպում, որոնց մասնակցել են մի քանի կուսակցությունների և հասարակությանը հայտնի քաղաքական գործիչներ:

«Նրանց անունները հիմա չենք տալիս միայն այն պատճառով, որպեսզի ազատություն տանք՝ ստորագրելու կամ չստորագրելու այս փաստաթուղթը: Սա չպետք է լինի որևէ կուսակցության նախաձեռնություն, որովհետև այստեղ ներկայացվում է քաղաքացիական հասարակության ձայնը: Այսօր Հայաստանում ստեղծվում է նոր՝ քաղաքական, հոգեբանական, քաղաքակրթական իրավիճակ, երբ այդ զավեշտը, թե մենք դատապարտված ենք ռուսական կայսրության ստրուկը լինելու, հօդս է ցնդում»,- եզրափակեց նա:

Կազմակերպիչները հայտարարեցին նաև, որ ապրիլի 22-ին պատրաստվում են Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել: