ՀԱԿ-ը առկախել է իր մասնակցությունը Ընտրական օրենսգրքի խորհրդարանական քննարկումներին

Photo: www.parliament.am

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ Հայաստանի իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այսպես կոչված, 4 + 4 + 4 ձևաչափով տեղի ունեցած քննարկումները, ըստ ընդդիմադիրների՝ անարդյունք են եղել, իսկ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը արդեն երկուշաբթի Ազգային ժողովում քննարկումների ժամանակ հայտարարել է, որ առկախում է իր մասնակցությունը օրենսգրքի քննարկմանը։

Երկար քննարկումներից հետո նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը երկուշաբթի ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստի օրակարգում, և նախագիծը խորհրդարանին ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Ընտրական օրենսգրքի նախագծի տարբեր ձևաչափերով քննարկումները արդյունք չտվեցին, կոնսենսուս չկայացավ, քանի որ իշխանությունները մերժեցին ընդդիմության և քաղաքացիական հասարակության միասնական առաջարկությունները»,- երկուշաբթի Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ առաջարկելով հետաձգել Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումները` հաշվի առնելով, որ «Ղարաբաղի և Հայաստանի դեմ կիրառվում է արտաքին ագրեսիա, և ներքաղաքական անխուսափելի լարումներ կարող են առաջացնել այդ խնդրի շուրջ քննարկումները»:

Ինչին ի պատասխան, ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ափսոսանք է հայտնել, որ կոնսենսուս չի կայացել և չի բացառել, որ այն կայանա առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

«Մենք պատրաստ ենք քննարկել հարցը: Նաև պետք է տարանջատենք փոխզիջումն ու ուլտիմատումը: Ինչ վերաբերում է Ձեր առաջարկին, ապա Ազգային ժողովն ամեն դեպքում պետք է շարունակի իր աշխատանքները»,- ասել է Շարմազանովը:

Որից հետո Զուրաբյանը հայտարարել է, որ իրենք առկախում են իրենց մասնակցությունը Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին:

Զուրաբյանի հետ համակարծիք է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված 4+4+4 ձևաչափը չտվեց արդյունք, որովհետև ի սկզբանե պարզ էր՝ կոնսենսուս չկա, բայց գոնե այն հարցերի վերաբերյալ, որոնց մասով կա կոնսենսուս, պետք է միասնական պահանջ ներկայացնել»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով, սակայն, որ իրենք չեն գնա ՀԱԿ խմբակցության հետքերով և չեն առկախի իրենց մասնակցությունը։

Ըստ Զոհրաբյանի՝ Ընտրական օրենսգիրքը պիտի քննարկվի, և լրջագույն հարցեր կան լուծելու:

«Մասնավորապես, ինչքան շուտ մենք կարողանանք բոլոր քաղաքական ուժերով, մեկ-երկու կարևորագույն հարցի շուրջ գալ կոնսենսուսի, դիմել միջազգային դոնոր կազմակերպություններին`մատնահետքով էլեկտրոնային քվեարկությունը ֆինանսավորելու, տեղամասերում ընտրական գործընթացը տեսանկարահանելու համար, որովհետև մեր պետական բյուջեն այդ հնարավորությունը չունի, այդքան շուտ մենք դրական արդյունք կունենանք»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, և եթե երկար ձգվեն Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները, դոնոր կազմակերպությունները քիչ կլինեն: