Նախկին արտգործնախարարը ներկայացնում է նոր ձևավորվող «Համախմբում» կուսակցությունը

Photo: Photolure

Հայաստանի նախկին արտգործնախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանը ստեղծում է «Համախմբում» նոր կուսակցությունը` նշվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։

Այժմ «Համախմբում» կուսակցության նախաձեռնողները պատրաստվում են հիմնադիր համագումարին։

Նոր ձևավորվող կուսակցության հիմնադիր անդամներ` իրավաբաններ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի, Արցախյան պատերազմի ականավոր վետերան Մանվել Եղիազարյանի, մի շարք քաղաքական վերլուծաբանների, գիտնականների տարածած պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ կուսակցությունը պատրաստվում է դառնալու առանցքային քաղաքական ուժ՝ ներքին և արտաքին մարտահրավերներին արժանապատվորեն պատասխանելու նպատակով:

«Մենք ցանկանում ենք քաղաքական նոր բևեռի ստեղծման միջոցով հանրությանը տալ այլընտրանքի և քաղաքական վիճակը փոխելու իրական հնարավորություն», – նշվում է հայտարարության մեջ։

Նոր ձևավորվող կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը եղել է Հայաստանի արտգործնախարար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին`1998-2008-ին: Մարտին, երբ Օսկանյանը հայտարարեց նոր կուսակցություն հիմնելու իր մտադրության մասին, նշել էր, որ շարունակում է «նորմալ հարաբերություններ» պահպանել նախկին նախագահի հետ, միաժամանակ պնդելով, որ Քոչարյանը «կապ չունի» ստեղծվելիք կուսակցության հետ:

Օսկանյանը 2012-ին ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով, որի առաջնորդը Քոչարյանի նկատմամբ մեկ այլ լոյալ գործիչ մեծահարուստ Գագիկ Ծառուկյանն էր:

Որպես կուսակցության «քաղաքական դեմք»` Օսկանյանի անունը շրջանառվում էր նաև 2013-ի նախագահի ընտրությունների հավանական թեկնածուների շարքում, սակայն նախքան առաջադրվելը նրան ներկայացվեց «փողերի լվացման և յուրացման» մեղադրանք, որն էլ խանգարեց նրա հնարավոր մասնակցությանը:

Օսկանյանը իշխանության սուր քննադատներից էր, ով հեռացավ ԲՀԿ-ից, երբ վիճահարույց Սահմանադրության փոփոխությունների նկատմամբ իր դիրքորոշման պատճառով իշխանությունների ակնհայտ ճնշման տակ 2015 թ. փետրվարին կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանի և իր իշխող Հանրապետական կուսակցության հետ դիմակայության պատճառով դուրս մղվեց քաղաքականությունից:

Այնուամենայնիվ, նախկին արտգործնախարարը պահպանեց իր պատգամավորական մանդատը, ինչպես նաև ԲՀԿ ցուցակով ընտրված Վարդանյանը և Մարգարյանը:

Հայաստանի հաջորդ խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են 2017-ի գարնանը: