Օսկանյանը և մյուս ընդդիմադիր պատգամավորները քննադատաբար են տրամադրված կառավարության ներկայացրած ԸՕ նախագծի նկատմամբ

Photo: www.parliament.am

Հայաստանի նախկին արտգործնախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանը Ազգային ժողովի նիստում հանդես է եկել կոշտ ելույթով, մասնավորապես նշելով, որ վերջին երկու տասնամյակում Հայաստանում ընտրությունները կեղծվել են:

«Կեղծվել են` ընտրակաշառք բաժանելով, կարուսելներ կազմակերպելով, կրկնակի քվեարկություններով, բացակա մարդկանց կողմից այլ անձանց տեղը քվեարկություններով, լցոնումներով, հաշվառման ժամանակ խարդախություններով: Այս օրենքով ուզում ենք այդ բոլորը կարգավորել: Այս օրենքը այդ խնդիրները բացարձակապես չի լուծում»,- չորեքշաբթի ԱԺ նիստում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Այս հայտարարությանը պատասխանել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նշելով. «Եթե պնդում եք, որ քսան տարի շարունակ ընտրությունները կեղծվել են, ապա գոնե 1998 թ., 2003 թ., երբ դուք որպես արտգործնախարար էիք, նշանակում է՝ ոչ լեգալ ու ոչ էլ լեգիտիմ եք եղել: Այստեղ են ասել՝ Язык мой – враг мой»:

Ընտրական օրենսգրքի նախագիծը կառավարությունը հաստատել է մարտի 3-ին, ըստ ժամանակացույցի՝ մինչև հունիս նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունված լինի, որով և կանցկացվեն 2017-ի խորհրդարանի ընտրությունները:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկած Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 ձևաչափով բանակցությունները իշխանության հետ կոնսենսուսի չգալու պատճառով ձախողվեցին:

Վարդան Օսկանյանը, անդրադառնալով դրան, նշել է, որ չպետք է ձեռքներս ծալած նստենք. «Կարծում եմ, որ չպետք է ձեռքներս լվանանք, որ ժամանակ ունենք աշխատելու և գոնե մասնակի կոնսենսուսի գալու, որովհետև սա է հիմնական խնդիրը, որ ուզում ենք լուծել»,- նշել է նա:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ իր ելույթում նշել է, որ նոր Ընտրական օրենսգիրքը կխանգարի տեղամասերում ընտրությունների արդյունքները բողոքարկելուն:

«Արդյունքների բողոքարկման կարգը ճշգրտումների կարիք ունի։ Պետք է փոփոխվի նաև նախնական արդյունքները հրապարակելու ժամկետը։ Հիմա դա արվում է 24 ժամում, ես կարծում եմ, որ դա պետք է կրճատել մինչև 10 ժամ։ Այդ ժամկետներում բոլորը տեղավորվում են»,- հայտարարել է նա։