Թեժ քննարկում, դյուրին անցկացում. ՀՀԿ մեծամասնությունն ապահովում է ԸՕ-ի ընդունումը

Photo: Photolure

Երկար քննարկումներից հետո հինգշաբթի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը:

Թեժ մթնոլորտում անցկացված քվեարկության ժամանակ պատգամավորներից 98-ը նախագծին կողմ քվեարկեցին, 9-ը` դեմ, 5-ը` ձեռնպահ:

Նախագծին դեմ են քվեարկել անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանն ու Վարդան Օսկանյանը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը և «Հայ ազգային կոնգրես» խմբակցության 5 անդամ, միայն Լյուդմիլա Սարգսյանն է կողմ քվեարկել նախագծին: «Օրինաց երկիր» խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցել:

Նախագծին ձեռնպահ քվեարկած ընդդիմադիր Էլինար Վարդանյանի կարծիքով` հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ զրոյական է, և Ընտրական օրենսգիրքը պետք է լուծի նախ այդ հարցը:

«Ընտրական օրենսգիրքը պետք է սահմանի այնպիսի մեխանիզմներ, որ հերթական անգամ ընտրություններից հետո չլինի այն հիասթափությունը, որ ընտրությունները նորից կեղծվեցին, մինչդեռ այս համակարգը թույլ է տալու կրկնել այն բոլոր կեղծիքները, որոնք գոյություն ունեին մեծամասնական համակարգի ժամանակ: Այս համակարգը հնարավորություն է տալիս, որպեսզի թաղային հեղինակությունները հետագայում դառնան խորհրդարանի անդամներ»,- ասել է Վարդանյանը:

Մինչդեռ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ընդդիմադիր գործընկերներին հորդորել է փոխվել։

«Հիմա մենք ասում ենք, որ Ընտրական օրենսգրքի հիմքում դրված են մեխանիզմներ, որ կեղծիքներ թույլ չեն տալիս։ Շատերը մտածում են, թե որտեղ է թաղված շան գլուխը, որ փուլում ինչպես են կեղծիքներն անելու: Ժողովո՛ւրդ, հանե՛ք ձեր միջից կասկածի որդը, որը թույլ չի տալիս ձեզ հանգիստ դատել և տեսնել այն, ինչ կա իրականության մեջ: Հերթական անգամ իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմությունն ի սկզբանե ոնց որ թե տեղյակ է՝ պատրաստվում է ընտրությունները տանուլ տալուն և հիմքեր է ստեղծում դիմացինին՝ իշխանությանը մեղադրելու համար»,- ասել է Նաղդալյանը:

Ուշագրավ է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մինչև քվեարկությունն այդպես էլ վարման կարգով որևէ պատգամավորի ձայն չի տվել, ինչը, ըստ ընդդիմադիր պատգամավորների, «Ազգայի ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի կոպիտ խախտում է։

«Այս քվեարկությունը տեղի ունեցավ Կանոնակարգի կոպտագույն խախտումներով, թույլ չտրվեց վարման կարգով մարդիկ խոսեն։ Սա արդեն ցույց է տալիս, որ սա լեգիտիմ օրենք չի կարող համարվել։ Տարրական պահանջները խախտում եք, ինչո՞ւ եք հենց սկզբից ռումբ դնում Ընտրական օրենսգրքի տակ»,- արդեն քվեարկությունից հետո հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը։

Մինչդեռ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասել է, որ ոչ մի Կանոնակարգ օրենք չի խախտվել՝ վկայակոչելով «Ազգայի ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին կետը, որտեղ նշվում է, որ կարող են խոսել քվեարկությունից առաջ և հետո:

«98 հոգի տեսախցիկների առաջ օրը ցերեկով կողմ է քվեարկել, ի՞նչ խախտում, էս ինչ խաբար ա, չեմ հասկանում»,- ասել է Նաղդալյանը: