
Այս շաբաթ Հայաստանում գտնվող ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին հանդիպումներ են ունեցել երկրի նախագահի, վարչապետի, մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների հետ, քննարկելով երկրում ժողովրդավարական և օրենսդրական զարգացման գործընթացները, ապրիլյան քառօրյա պատերազմը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ այս տարի լրացել է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակը, նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ ինչպես Հայաստանը, Եվրոպայի խորհուրդը նույնպես բարձր է գնահատում անցած տարիների ընթացքում Հայաստանում արձանագրված առաջընթացը մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության ոլորտներում: Նախագահը վստահություն է հայտնել, որ այս տարվա մայիսի 21-ին պաշտոնապես մեկնարկող՝ Եվրոպայի խորհուրդ-Հայաստան 2015-2018 թթ. գործողությունների ծրագիրը Հայաստանը պատշաճ կիրականացնի:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում համազեկուցողներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտման պատճառով վերջին շրջանում արձանագրված լարվածության աճին և խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսման հնարավորություններին:
Ավելի վաղ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին հետ հանդիպմանը, անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին, նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի, խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների և ծերերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվել է լայնածավալ ագրեսիա: Նա նշել է, որ այդ ագրեսիան ուղեկցվել է միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով, և այն պետք է դառնա միջազգային հանրության քննարկման առարկա, դատապարտվի և ստանա արժանի գնահատական:
«Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում՝ բացառապես խաղաղ բանակցությունների արդյունքում»,- ասել է վարչապետ Աբրահամյանը:
Ցավակցելով զոհերի համար` Միլը և Գալատին նշել են, որ սատարում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Նրանց դիտարկմամբ` ԼՂ հակամարտության հարցում հայաստանյան քաղաքական ուժերի մոտ նկատելի են ընդգծված միասնականության ոգի և համախմբվածություն:
«ԼՂՀ ՊԲ զինծառայողի սպանության, գլխատման և հրապարակման փաստը պատրաստվում ենք ներկայացնել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին»,- նշել են համազեկուցողները:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ հանդիպմանը նրանց է ներկայացվել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին հաջորդող օրենսդրական կարգավորումների ծավալուն գործընթացը, որի հիմնական պատասխանատուն արդարադատության նախարարությունն է: Անդրադարձ է կատարվել Ընտրական օրենսգրքի նախագծին և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում արդարադատության նախարարության նախաձեռնած գործընթացներին:
Համազեկուցողներին ներկայացվել է, որ Ընտրական օրենսգրքի նախագծում ընդգրկվել են նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացրած բազմաթիվ առաջարկություններ: