Հեղափոխական մոտեցում. վարչապետի` կտրուկ բարեփոխումների կոչից հետո ընդդիմությունը թերահավատ է

Photo: Photolure

Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում բարեփոխումներն արագացնելու մասին վարչապետի «հեղափոխական» ելույթի դրույթները նորություն չեն իշխանությունների համար, և նրանք պատրաստ են արագ գործի անցնելու, մինչդեռ ընդդիմությունը որևէ կասկած չունի, որ սրանք իշխանության հերթական սին խոսքերն են, և որևէ բան չի փոխվելու:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ իր ծավալուն ելույթում, մասնավորապես, նշել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմը ստիպեց «բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը և մեկ անգամ ևս անդրադառնալ հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթին»:

Ըստ վարչապետի՝   հարկավոր է օպտիմալացնել պետական կառավարման ոլորտի ծախսերը, լայնածավալ աշխատանք կատարել կոռուպցիայի դեմ  պայքարում:

Աբրահամյանը տեղեկացրել է, որ մայիսի 14-ից սկսում են պարբերական շաբաթական քննարկումներ, որի ընթացքում անդրադարձ են կատարելու կոռուպցիայի դեմ պայքարին, շահերի բախման երևույթին, ինչպես նաև՝ պետական ծախսերը կրճատելու անհրաժեշտությանը: Վարչապետը նշել է՝ ովքեր ունեն առաջարկություններ, դրանք համառոտ կարող են ներկայացնել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, ուղարկելով վերջինիս էլեկտրոնային փոստի հասցեով:

«Սերմը ցանված է, սակայն միշտ չէ, որ արդյունքները երևում են միանգամից, երբ սերմը ցանում ես, միանգամից չի աճում, այն, պետք է ջրեն, արև լինի, փայփայեն. ժամանակ է պետք, որ դառնա պտուղ: Հիմա սերմը ցանվել է, պտուղ դառնալու համար պետք է ժամանակ, նաև, որ այդ ժամանակի ընթացքում տարբեր մոլախոտերն այդ սերմը չուտեն»,- Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը  հինգշաբթի իշխող Հայաստանի hանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո նման օրինակներով մեկնաբանեց Աբրահամյանի ելույթը:

Մինչդեռ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներն ամենևին էլ չեն սպասում «բարեփոխման պտուղներին»:

Photo: Photolure
Photo: Photolure

«Երկու տարի առաջ էլ, երբ նոր կառավարություն ձևավորվեց, կրկին նույն «հեղափոխական» կոչերն էին հնչում, սակայն ոչ մի հեղափոխություն էլ տեղի չունեցավ, որովհետև չպետք է ունենար: Ես վախենում եմ նման կոչերից, սովորաբար դրանից հետո վիճակն է՛լ ավելի է վատանում: Հայաստանում ոչ թե հեղափոխական կոչեր են պետք, այլ ընդամենը պետք է գործել օրենքով»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ՀԱԿ կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Ըստ տնտեսագետի՝ նախևառաջ պետք է տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, սակայն Հայաստանում պաշտոնն օգտագործում են հենց բիզնես ունենալու համար:

«Քաղաքական կամք` ընդամենը դա է պետք: Որևէ քննարկման կարիք էլ չկա, իրենք մեզնից էլ լավ գիտեն, թե ինչ է կատարվում երկրում: Որովհետև մենք երկրում առաջնորդվում ենք ոչ թե գրված, այլ չգրված օրենքներով, իսկ այդ չգրված օրենքները հենց իրենց կողմից են սահմանվել»,- կարծում է Խաչատրյանը՝ հավելելով, որ մեծ մտավախություն ունի, որ սա հերթական մեծ բեմադրություն է լինելու: