
Հայաստանի խորհրդարանական ուժերը շարունակում են քննարկել Ընտրական օրենսգրքի նախագիծը՝ կոնսենսուսի բացակայության մասին ընդդիմության մեղադրանքների ֆոնին, մինչդեռ իշխանությունները վստահ են՝ գոնե այս հարցում իշխանության և ընդդիմության միջև, ինչպես պահանջվում է, կա կոնսենսուս։
Երկուշաբթի ԱԺ հերթական նստաշրջանում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը Ընտրական օրենսգրքի նախագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումների ժամանակ նշել է, որ քննարկումները կարող են շարունակվել նաև Ընտրական օրենսգրքի 2-րդ և 3-րդ ընթերցմամբ ընդունվելուց հետո: Հարությունյանը վստահեցրել է՝ ցանկացած առաջարկ մանրամասնորեն կքննարկվի:
«Հաշվի առնելով, որ Ընտրական օրենսգիրքը պիտի ուժի մեջ մտնի մինչև հունիսի 1-ը, ակնկալում ենք դրա 3-րդ և վերջնական ընթերցմամբ ընդունում խորհրդարանական ներկայիս քառօրյայի ընթացքում: Բայց եթե մի քանի օրում պարզվի, որ իշխանությունները և ընդդիմությունն իրենց առաջարկներով փոխզիջման են հասել, հնարավոր կլինի մինչև մայիսի վերջ արտահերթ նիստ կազմակերպել, որպեսզի չուշանանք հունիսի 1-ի համար»,- ասել է Հարությունյանը:
Սակայն ընդդիմությունը շարունակում է պնդել, որ բավարարվեն իր մի շարք պահանջները:
Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով ոչ միայն չեն բավարարվել ընդդիմության պահանջները, այլև ձեռք չի բերվել նաև ԵԱՀԿ-ի և Վենետիկի հանձնաժողովի կարևորած կոնսենսուսը քաղաքական ուժերի միջև։
Ըստ Զուրաբյանի` մտահոգիչ են նաև բարեփոխումների ժամկետները, քանի որ նման արմատական փոփոխությունները մեկ տարում հասարակության կողմից յուրացնելը շատ դժվար է։
«Եվրոպայի խորհրդում ես հանդիպել եմ մասնագետների, որոնք մասնակցել են տասնյակ եվրոպական երկրների ընտրական իրավունքի կազմման գործընթացին։ Նրանք ինձ ասում էին. «Մենք 5 անգամ կարդացել ենք ձեր օրենսգիրքը և ոչինչ չենք հասկանում»։ Պարզ է, որ հասարակ մարդիկ ավելի քիչ բան կհասկանան։ Իսկ դա չի նպաստի ընտրությունների նկատմամբ վստահության աճին»,- ասել է Զուրաբյանը՝ առաջարկելով ընդունել օրենսգիրքը, սակայն դրա կիրառումը հետաձգել մինչև 2022 թ. խորհրդարանի ընտրությունները, որպեսզի քաղաքական ուժերը հասցնեն հարմարվել։
Զուրաբյանը միևնույն ժամանակ նշել է, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու։
Մինչդեռ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ իշխանությունն ու ընդդիմությունը Ընտրական օրենսգրքի հարցով կոնսենսուսի ուղղությամբ են գնում։
«Անցյալ շաբաթ քննարկումներն ընթանում էին գրեթե ամեն օր մինչև ուշ գիշեր։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը և Կառավարության աշխատակազմի ղեկավարը իշխանական և ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկել են հետաքրքրող հարցերը։ Եվ մենք տեսնում ենք, որ առաջընթաց կա»,- ասել է Շարմազանովը, ընդունելով հանդերձ, որ մի շարք հարցերում կողմերը դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել, սակայն մինչև հունիսի 1-ը պետք է շարունակել ընդառաջ գնալ։
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով էլ կարելի է պնդել ընդդիմության ցանկացած պահանջ, սակայն եթե անգամ այն ընդունվի, ընտրություններն արդար չեն լինի, եթե երկրի ղեկավարությունը համապատասխան քաղաքական կամք չունի։
Մի քանի հասարակական կազմակերպություններ էլ, որոնք մասնակցել էին ավելի վաղ անցկացված «4+4+4» ձևաչափով քննարկումներին, երկուշաբթի հրապարակել են հայտարարություն, որում անընդունելի են համարել քննարկվող օրենսգիրքը։