Ուղեղային գրոհ. կառավարության անդամները, օրենսդիրները քննարկում են վարչապետի նախաձեռնությունից հետո հակակոռուպցիոն պայքարը

Armen Rustamyan

Անգամ Հայաստանի իշխանությունների հետևողականությունը դեռ վստահություն չի ներշնչում քաղաքական դաշտում որպես ընդդիմադիր ներկայացող կուսակցություններին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որ կառավարության ձեռնարկած հակակոռուպցիոն պայքարը հաջողությամբ կպսակվի:

Ինչպես նախապես ծրագրված էր ու հայտարարվել էր` անցյալ շաբաթ օրը գործադիրում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում, ըստ Հայ հեղափոխական դաշնակություն կուսակցության (ՀՅԴ) Ազգային ժողովի խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի` տեղի է ունեցել մտքերի փոխանակում:

«Այդ հանդիպման անունը դրեցին «ուղեղային գրոհ», և այդտեղ լսեցին բոլոր տեսակետները»,- երկուշաբթի` մայիսի 16-ին, լրագրողներին ասել է Ռուստամյանը՝ նշելով, որ քննարկմանը մասնակցել են գրեթե բոլոր խմբակցությունների անդամներ, բացառությամբ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության որոշ ներկայացուցիչների:

ՀՅԴ-ականի բնորոշմամբ` խորքային քննարկմանը պատգամավորները կոնկրետ առաջարկություններ են արել:

«Մեխանիզմներ ամրագրելու մասին է խոսքը, որ պատասխան տան բոլոր այն պաշտոնյաները, որոնք ունենք շահերի բախում: Պաշտոնյան չի կարող մի ոլորտ ղեկավարել, որտեղ ունի բիզնես շահ, ու բնական է, որ դա պիտի ծառայեցնի իր շահերին»,- ասել է Ռուստամյանը:

«Հուսով եմ, որ այդ ամենը կամփոփվի վարչապետի կողմից, որովհետև վարչապետն էր նախաձեռնողը, այդ տրամաբանությամբ էլ հավաքը կայացել էր: Վստահ եմ, որ դա չի մնա կես ճանապարհին, սա միայն ասելու ու անցնելու համար չէր»,- հավելել է նա:

Ընդդիմադիր կուսակցությունները, սակայն, այդքան էլ վստահ չեն, որքան Ռուստամյանը: «Օրինաց երկիր» խմբակցության (ՕԵԿ) պատգամավոր Մհեր Շահգելդյանի կարծիքով, օրինակ, եթե իրապես ցանկություն կա պայքարելու կոռուպցիայի դեմ, ապա դա չպետք է անի իշխանության ներսում ձևավորված մարմինը, այլ անկախ մարմին, որը պետք է կազմված լինի քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ ՀԿ-ների, ԶԼՄ-ների և անկախ փորձագետների, ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներից:

Ըստ Շահգելդյանի` հակակոռուպցիոն պայքարում պետք է ուշադրություն դարձնել նաև այն օրինագծերին, որոնք ուղղված են լինում պաշտպանելու այս կամ այն օլիգարխիկ կամ խմբակային շահերը:

Գործադիրի անցած շաբաթվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել կոռուպցիայի դեմ պայքարի վճռականության, պայքարի համար քաղաքական կամք ունենալու մասին հավաստիացնող ելույթով` խոսելով նաև ուռճացված պետական ապարատի, աշխատասենյակների, մեքենաների, գործուղումների և այլ բազմաթիվ հրատապ հարցերի վերաբերյալ:

Քաղաքական ուժերը իշխանություններից, սակայն, ոչ թե ելույթներ, այլ կոնկրետ ու շուտափույթ քայլեր են ակնկալում, թե չէ նրանք էլ են միանալու քաղաքացիական հասարակության տեսակետին, որ գործադիրի ղեկավարի նախաձեռնությունը կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա է:

Միայն որոշակի քայլեր ձեռնարկելուց հետո հնարավոր կլինի կրճատել կոռուպցիան` իշխանություններին ուղղված առաջարակությունների մեջ նշել է «Առաքելություն» կուսակցությունը:

Ըստ կուսակցության` նախ պետք է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին արգելել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների հիմնադիրներ լինել: Պետք է նաև վավերացնել ՄԱԿ-ի՝ «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի պաշտոնյաների ապօրինի հարստացմանը վերաբերող 20-րդ հոդվածը, որի համաձայն պաշտոնյաների ունեցվածքի արժեքը չի կարող գերազանցել պաշտոնական եկամուտները:

Ընդդիմադիր ՀԱԿ-ի բնորոշմամբ` կոռուպցիայի դեմ լավագույն պայքարը ազատ և արդար ընտրությունները կարող են լինել: