ԸՕ-ն ընդունվել է կոնսենսուսի բացակայության պայմաններում

Photo: Photolure

Ազգային ժողովը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է Ընտրական օրենսգրքի նախագիծը, իսկ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ փոխհամաձայնություն առայժմ չկա:

Նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը նշել է, որ իրենց նպատակն է ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի գալ:

«Մենք ցանկանում ենք հստակ իմանալ՝ արդյոք իշխող ուժը պատրա՞ստ է հավատարիմ մնալ իր խոսքին և ԸՕ-ի երրորդ ընթերցումից հետո հրավիրել արտահերթ նստաշրջան և կոնսենսուսի արդյունքում ձեռք բերված համաձայնությունները մտցնել ԸՕ-ի նախագծի մեջ»,- հարցրել է Զուրաբյանը:

Հարությունյանը պատասխանելով վերջինիս` նշել է, որ որքան լայն կոնսենսուս լինի, այնքան ավելի բարձր կլինի Ընտրական օրենսգրքի նկատմամբ վստահությունը։

«Պատրաստ ենք մեկ անգամ ևս վերահաստատելու մեր հայտարարությունը, որ եթե անգամ հունիսի 1-ից հետո հաջողվի ընտրել փոխադարձ ընդունելի մեխանիզմներ, մենք պատրաստ կլինենք հրավիրելու արտահերթ նիստ և ներկայացնել առաջարկություններ` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար: Հնարավորություն կլինի նաև արտահերթ նիստում անդրադառնալ այն առաջարկություններին, որոնք ներկայացվել են սահմանված ժամկետից դուրս»,- նկատել է նա:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը բուռն քննարկումների տեղիք է տվել Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտում: Նրանք ներկայացրել են առաջարկություններ, որոնք, սակայն, լիովին չեն ընդգրկվել նախագծի մեջ: