Բաբայանի վերադարձը. Ղարաբաղի նախկին ազդեցիկ նախարարը Հայաստանում է քառօրյա պատերազմից հետո

Photo: Photolure

Լեռնային Ղարաբաղի նախկին հզոր պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան` ըստ էության Հայաստանի իշխող էլիտայի շնորհազրկման պատճառով արտերկրում մի քանի տարի քաղաքական «վտարանդիության» մեջ անցկացնելուց հետո:

1990-ականներին 51-ամյա զորահրամանատարը և քաղաքական գործիչը համարվում էր Ղարաբաղի ամենաազդեցիկ մարդը: 2000 թ.-ից նա կտրուկ կորցրեց իր ազդեցությունը` Լեռնային Ղարաբաղի նախագահի դեմ մահափորձ կազմակերպելու համար կալանավորվելուց և 14 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո: Սակայն միայն չորս տարի պատիժը կրելուց հետո Բաբայանը ազատ արձակվեց և փորձեց Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել, ստեղծելով «Դաշինք» կուսակցությունը, սակայն որևէ լուրջ հաջողության չհասավ:

Բաբայանը, ով, ըստ տեղեկությունների, վերջին մի քանի տարիներն անցկացրել է Մոսկվայում, այս շաբաթ ավելի վաղ Հայաստան վերադառնալուց հետո 7or.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր վերադարձի «գլխավոր առաքելությունը» Ղարաբաղում է, որտեղ 1994 թ. զինադադարից հետո ապրիլի սկզբին Ադրբեջանի հետ ամենաթեժ ռազմական բախումները եղան:

«Մնացածը ժողովրդի որոշելիքն է»,- հավելել է ժամանակին իր շուրջը ահ ու սարսափ սփռող գեներալը, որի վերադարձը Հայաստանը իսկական իրարանցում է առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում:

«Ես երբեք մեր ժողովրդից չեմ վիրավորվում»,- ասել է Բաբայանը ծավալուն հարցազրույցում մի լրատվական կայքի, որը բացահայտ սատարում է 1998-2008 թթ. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցությանը:

«Լինելով Ղարաբաղում, Հայաստանում թե արտերկրում, ես իմ մտքի մեջ միշտ պահել եմ մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության խնդիրները։ Օպերատիվ տիրապետել ու տիրապետում եմ ռազմական իրավիճակին, առաջնագծում առկա խնդիրներին և անհրաժեշտ բոլոր այլ տեղեկատվությանը,- ընդգծել է նա: – Ավելին, այս տարիներին ապրելով արտերկրում` ես բազմաթիվ կապեր և հարաբերություններ եմ հաստատել Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցիկ շրջանակների հետ»:

Բաբայանը հաստատել է, որ դեռ 2013-ին փակ նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, զգուշացնելով Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին, ներկայացնելով իր մտահոգությունները և առաջարկելով լուծումներ, որոնք, նրա կարծիքով, կօգնեին բախումներից խուսափելու կամ ռազմական գործողություններ վերսկսելու դեպքում նվազագույնի հասցնելու մարդկային կորուստները: Սակայն այդ նամակի մասին այլ մանրամասներ չի տրամադրել:

Միևնույն ժամանակ, Բաբայանը թերահավատություն է հայտնել Ադրբեջանի հետ բանակցային սեղանի շուրջ փոխզիջման հասնելու հնարավորության շուրջ: «Նրանք [ադրբեջանցիները] ցանկություն ունեն վերցնել ամբողջը։ Ադրբեջանի ախորժակը կարող ենք զսպել միայն ռազմական բալանսն ի նպաստ Հայաստանի ու Ղարաբաղի ապահովելով»,- ասել է նա:

Բաբայանը հայտարարել է, որ մտադիր չէ Հայաստանում անդամագրվելու որևէ կուսակցության` հավելելով սակայն, որ տեսնում է իրեն գաղափարակից մարդկանց: «Այդ մարդիկ իրենց նոր մտածողությամբ կարող են լուրջ ազդեցություն թողնել նաև մյուս քաղաքական ուժերի վրա: Եվ ես մեծ հույս ունեմ, որ նրանք կունենան հաջողություն»,- ասել է նա` առանց մանրամասնելու: