Ծեծված. Ղարաբաղից չեմ գնա

Hayk Khanumyan (Photo: Nazik Armenakyan/ArmeniaNow.com)

Արցախում ծեծի ենթարկված Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, ով այժմ գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում՝ քթի, այտոսկրի, ողների կոտրվածքներով, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է. ծեծել-ջարդելուց հետո ստիպել են ստորագրել իր ձեռքով գրված մի գրության տակ, որ կդադարեցնի իր քաղաքական գործունեությունը և կհեռանա Արցախից:

«Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ: Ես Արցախից որևէ տեղ չեմ գնալու, իմ գլխավոր նպատակն այն է, որ Արցախը դառնա գործոն, պաշտպանված լինի, և ոչ ոք Արցախի ճակատագիրը բազարի առարկա չդարձնի: Ինձ ծեծողներից 7-ին ճանաչում եմ, նրանց տվյալները ընկերներս ճշտում են, տվյալները կփոխանցվեն մեկ այլ ընկերների»,- գրել է Խանումյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանը սատարում էր Լեռնային Ղարաբաղ վերադարձած գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին Արցախի պաշտպանության նախարար և պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու պահանջը: Բաբայանը, ով 1993-2000 թթ. եղել է Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար, Ադրբեջանի հետ կարճատև պատերազմից հետո փաստորեն արտաքսումից վերադարձել է Ռուսաստանից:

Խանումյանի հարազատները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Նրանց փոխանցմամբ` Ազգային ժողովից դուրս գալիս Խանումյանին են մոտեցել զինվորական համազգեստով մարդիկ և նրան ծեծելով նստեցրել մեքենան: Նշենք, որ Ազգային ժողովի և հարակից հյուրանոցի տարածքները վերահսկվում են տեսախցիկներով։

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ լրատվամիջոցներին ասել է, որ Խանումյանի պահելաձևը մի օր պետք է հանգեցներ նման երևույթների, որովհետև նա անընդհատ սադրանքների է ենթարկում հասարակությանը, իր գործընկերներին, վիրավորում է մարդկանց:

«Չեմ կարծում, որ սա քաղաքական խնդիր ունի, սա անձնական պահելաձևի և բնավորության հետևանքն է»,- ասել է Բաբայանը:

Երեկ Խանումյանին հիվանդանոց այցելելուց հետո Սամվել Բաբայանը լրագրողներին ասել է, որ Ղարաբաղում մարդկանց բռնության են ենթարկում արդեն 16 տարի` թույլ չտալով ազատ խոսքի արտահայտման:

«Ուղիղ ասվել է իրեն, թուղթը գրել են տվել, որ կոմպրոմատ ունենան… որ բերանը փակ պահի, չարտահայտվի… Բայց եթե մարդը ուզում է արտահայտվի, ոչ ոք նրան չի կարող արգելել, դա նրա իրավունքն է, իսկ ես էլ դիկտատոր չեմ, որ գնամ արգելեմ ինձ սատարողներին»,- ասել է Բաբայանը:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարություն է տարածել, որով խստորեն դատապարտելի է համարել պատգամավորի նկատմամբ ցանկացած բռնություն, ակնկալելով, որ իրավապահ մարմինները փաստի առնչությամբ կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն:

Հաշվի առնելով Խանումյանի կարգավիճակը` պաշտպանը հատուկ կարևորել է, որ քննության արդյունքների մասին հանրությանը պատշաճորեն կիրազեկեն:

Հայտարարությամբ հանդես են եկել նաև ԼՂ խորհրդարանական խմբակցությունները, նշելով, որ կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ և լուրջ հարված Արցախում ձևավորված ժողովրդավարական սկզբունքներին:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Մի ծեծով Արցախը մտել է իրավական շատ լուրջ ճգնաժամի մեջ: Սա պետականության և իրավական մտածողության իսպառ բացակայություն է»: