
Քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի արկածախնդրությունը բխում էր նաև Թուրքիայի աջակցությունից՝ ասում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
«Թուրքիան ամենաբարձր մակարդակով հապճեպ հայտարարություններ արեց, պաշտոնական Անկարան միանգամից խրախուսեց, ողջունեց և թև ու թիկունք կանգնեց Ադրբեջանին: Կարելի է ասել, որ Ադրբեջանի այս արկածախնդրությունը մեծ հաշվով կախված էր նաև Թուրքիայի աջակցությունից»,- երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետը:
Նրա խոսքով՝ հարկ է միջազգային կառույցներում հարց բարձրացնել, թե ինչպես է հնարավոր, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը միտված ձևաչափում ներգրավված պետությունը հանդես է գալիս ռասիստական, հրահրող հայտարարություններով:
«Փորձագիտական շրջանակներում ևս ազգայնամոլական տրամադրություններ էին տիրում, և ոգևորություն կար Ադրբեջանի՝ իբր թե հաղթանակի հետ կապված»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային հարևաններին՝ Իրանին և Վրաստանին, ապա կարելի է ասել, որ նրանք անկողմնակալ կեցվածք են դրսևորել: Իրանական մամուլը անաչառ է լուսաբանել` անգամ օգտվելով ԼՂՀ և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների տեղեկատվությունից:
«Հենց սկզբում Իրանի արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, կոչ անելով հակամարտությունը կարգավորել բանակցային ճանապարհով, միջազգային իրավունքի հիման վրա»,- նկատեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Նրա խոսքով՝ հիմնականում նշվում էր, որ Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ ունի անկողմնակալ դիրքորոշում. «Միևնույն ժամանակ Իրանն առաջարկում էր իր միջնորդությունը, ողջ հնարավորություններով աջակցելու խնդրի կարգավորմանը»:
«Իրանը կողմ է, որ ստատուս քվոն պահպանվի, իսկ նրանց անկողմնակալ դիրքորոշումը ներկա փուլում բխում է Հայաստանի շահերից, սակայն այս ամենին զուգահեռ Իրանի հյուսիսային նահանգների թուրքալեզու երկու հոգևոր առաջնորդներ, ինչպես նաև երկու պատագամավորներ հանդես եկան բացահայտ հակահայկական հայտարարություններով»,- նշեց նա:
Պաշտոնական Թբիլիսին ևս անկողմնակալ է եղել և հիմանականում կոչ է արել կողմերին շուտափույթ կարգավորում: Վրացագետ Ալիկ Էրոյանցի խոսքով՝ անսպասելի էր վրացական լրատվամիջոցների արձագանքը:
«Ընդամենը մի քանի լրատվամիջոցներ կային, որ չէին ներկայացնում հայկական կողմի տեսակետը` ավելի շատ տեղ տալով ադրբեջանական աղբյուրների հրապարակումներին»,- նկատեց նա: