Թուրքիայի քայլ. Հայաստանն արձագանքում է Ղարաբաղի հարցով կոնտակտային խումբ ձևավորելու Անկարայի կոչին

Photo: www.mfa.am

Ղարաբաղում ապրիլյան պատերազմից հետո Թուրքիան շարունակում է ղարաբաղյան հակամարտությանն ակտիվ միջամտելու փորձերը և փնտրում նոր հարթակներ` Հարավային Կովկասի տարածաշրջան ներթափանցելու համար:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻՀԿ) շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով կոնտակտային խումբ ստեղծելու ընդունված որոշման մասին:

«Շատ կարևոր է ԻՀԿ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցով կոնտակտային մի խումբ ձևավորել: Դրա ստեղծման մասին որոշումն արդեն ընդունվել է բարձր մակարդակով: Առաջարկում եմ ԻՀԿ անդամ բոլոր երկրներին մասնակցել դրան: Անհրաժեշտ է հնարավորինս արագ լուծել այդ հակամարտությունը ՄԱԿ-ի որոշումների հիման վրա` հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիան մեծացնում է ռազմական առճակատման վտանգը տարածաշրջանում»,- ասել է Չավուշօղլուն` ապրիլի 12-ին Ստամբուլում ելույթ ունենալով ԻՀԿ անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովում:

Հանդիպմանը մասնակցում են նաև իսլամական պետությունների` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներ, մասնավորապես, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ավելի վաղ Ղազախստանը խանգարել էր ապրիլի 8-ին Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացմանը: Փորձագետները նշում են, որ այս քայլն ուղղված էր Ադրբեջանի աջակցությանը և Հայաստանի դեմ: Այդուհանդերձ, ապրիլի 12-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Ռուսաստանի մայրաքաղաք տեղափոխված այս նիստին:

Ակնհայտ է, որ Թուրքիայի միակողմանի դիրքորոշման և ամեն գնով Ադրբեջանին սատարելու մոլուցքի պատճառով նրա որևէ միջամտություն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին միայն վնաս է հասցնելու` ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Բաքվի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սանձազերծած ապրիլի 2-5-ի իրադարձությունները և Թուրքիայից հնչեցված սադրիչ հայտարարությունները դրա վառ ապացույցն են»,- ասել է Քոչարյանը:

Թուրքիան ձեռնարկել է վտանգավոր փորձ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններն արհեստականորեն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն` ասել է նա:

«Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս: Իր վերոհիշյալ սադրիչ հայտարարությամբ Թուրքիայի արտգործնախարարը, փաստորեն, բացահայտում է այդ ալիքը դեպի Հարավային Կովկաս տարածելու ձգտումը: Հաոզված ենք, որ մեր ավանդական բարեկամ մահմեդական պետությունները, լավ գիտակցելով Թուրքիայի իրական նպատակները, չեն տրվի Անկարայի սադրանքներին»,- ընդգծել է Քոչարյանը:

Ուշագրավ է, որ նույն օրը Երևան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանին` ապրիլի 13-ին անցկացվող Հայաստան-Իրան-Ռուսաստան-Վրաստան էներգետիկ համագործակցության շրջանակներում քառակողմ հանդիպմանը մասնակցելու: Նման ձևաչափով համագործակցությունն ուղղված է Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ստեղծմանը: Այս ձևաչափը բացառում է Թուրքիան և Ադրբեջանը, և Բաքուն ու Անկարան ակտիվորեն աշխատում են այն խափանելու համար: