Վերլուծաբան. թուրքական լրատվամիջոցները տեղեկացրել են Անկարայի կողմից Ադրբեջանին աջակցելու մասին

Ալին Օզինյան, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային վերլուծաբան-փորձագետ

Վերջին օրերի ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմը իր արտացոլումը գտավ նաև թուրքական մամուլում` կրկին առիթ դառնալով Թուրքիայում հայատյացության հորձանքին: Թուրքիայի իշխանությունները իշխանամետ լրատվամիջոցների օգնությամբ փորձեցին տեղեկացնել հասարակությանը Անկարայի կողմից Ադրբեջանին աջակցության մասին:

Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի նախահարձակ գործողություններին զուգահեռ՝ Թուրքիայի նախագահը, վարչապետը, արտգործնախարարը տարբեր առիթներով հայտարարություններ էին տարածում, որ Թուրքիան մինչև վերջ կանգնած է մնալու Ադրբեջանի կողքին: Կոչ անելով Ադրբեջանին շարունակել զինված ոտնձգությունները` վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր. «Մինչև չազատագրվեն օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը, մենք` որպես 78 միլիոն քաղաքացի, շարունակելու ենք կանգնած մնալ Ադրբեջանի կողքին»:

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային վերլուծաբան-փորձագետ, Ստամբուլում ծնված և մեծացած Ալին Օզինյանի դիտարկմամբ` նման արտահայտությունները արդեն իսկ տարածվում էին մամուլի օգնությամբ: Նա նշում է, որ Թուրքիայում այսօր բազմաթիվ լրատվամիջոցներ կան, որոնք կարծես իշխանությունների խոսափողը լինեն:

«Թուրքական մամուլը խիստ քաղաքականացված է: Այս պահին շատ դժվար է խոսել ազատ մամուլի մասին: Ընդդիմադիր մամուլը, կարող ենք ասել, գրեթե ոչնչացված է, իսկ մի մասն էլ, որ դեռ գոյատևում է, փորձում է հարմարվել իրավիճակին կամ էլ ամեն վայրկյան սպասում է սեփական գործունեության դադարեցմանը»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Օզինյանը:

Վերլուծաբան-փորձագետը նշում է. ապրիլի 5-ին` շփման գծում լայնածավալ հարձակումից երկու օր անց, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի երեք հիմնական` իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական» և ազգայնական «Ազգային շարժում» կուսակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով «դադարեցնել հայկական ագրեսիան Ղարաբաղում»:

«Երկրում այնպիսի իրավիճակ է, որ այս երեք կուսակցությունները երբեք որևէ հարցում միասնական դիրքորոշում չեն դրսևորել, սակայն երբ հարցը հայերին է վերաբերում, իսկույն իրենց հակահայկականության մեջ միասնություն են դրսևորում: Նման իրավիճակում մենք ի՞նչ կարող ենք սպասել թուրքական մամուլից, որն իշխանությունների տոտալ վերահսկողության տակ է գործում և ֆինանսավորվում է տարբեր քաղաքական ուժերի կողմից»,- ասում է Օզինյանը:

Նա նշում է, որ Թուրքիայում շատ տարածված է Twitter սոցիալական ցանցը, և ապրիլյան օրերին Թուրքիայի trend-ում առաջնակարգ տեղ էր զբաղեցնում #TürkiyeSeninleAzerbaycan (Թուրքիան քեզ հետ է, Ադրբեջան) հեշթեգը:

«Ահավոր ռասիստական և սպառնալիքներով լի ստատուսներ էին դրվում, որոնց մի մասից, լեզվական առումով, պարզ էր, որ գրողներն ազերիներ են և ցանկանում են հայերին ցույց տալ, որ թուրք եղբայրներն իրենց կողքին են: Սակայն թուրք հասարակության այն մասի համար, որն ապրում է հայերին սպանելու, լիակատար ոչնչացնելու երազներով, սա լավ առիթ էր սոցցանցերում իրենց հիվանդ երևակայությանը հագուրդ տալու համար»,- ասում է Օզինյանը:

Անդրադառնալով անաչառությունը քիչ թե շատ պահպանող լրատվամիջոցներին` Օզինյանն ասում է, որ կարիք չկա գնահատական տալ առանձին թերթերի, փոխարենը դիտարկում է մեկ այլ գլոբալ խնդիր: Նրա խոսքով` վերջերս քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության (HDP) նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը մամուլի ասուլիսի ժամանակ, շոշափելով ղարաբաղյան հակամարտությունը, նշել է, որ Թուրքիայի կառավարությունը սխալ է անում, որ պատերազմ է հրահրում:

«Հայաստանի և սփյուռքի մամուլի մի մասը դրական գնահատեց նրա հայտարարությունը: Սակայն արժեր ուշադրություն դարձնել նրա ելույթին ամբողջությամբ, ուր նա հայտարարում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրենց խնդիրը լուծեն սեղանի շուրջ: Ինձ համար սա անհավասարակշիռ կամ, ավելի շուտ հակառակը՝ շատ հավասարակշռող արտահայտություն է: Քրդական շարժումը ինքն էլ ազատագրական պայքարի մի մաս է, և նման շարժման ներկայացուցիչը պետք է հիշեր ազգերի ինքնորոշման իրավունքի մասին կամ առնվազն տեղյակ լիներ, որ Ղարաբաղը երկար ժամանակ է, ինչ դուրս է մնացել այդ սեղանից և միջազգային ուժերի աջակցությամբ պետք վերադառնա սեղանի շուրջ: Նա չպետք է Ղարաբաղը դարձներ մի կտոր հող, որի համար Հայաստանն ու Ադրբեջանը կռիվ են տալիս: Եթե քաղաքական գործիչն այդպես է ասում, մենք ի՞նչ կարող ենք սպասել մամուլից»,- նկատում է փորձագետը:

Այդուհանդերձ, թուրքական վերահսկվող մամուլի կողքին, ըստ Օզինյանի` կան լրագրողներ և որոշակի խմբի պատկանող մամուլ, որ կարողացել են ավելի անաչառ ներկայացնել իրավիճակը, սակայն նրանց մի մասն ապրում և գործում է արտերկրում կամ էլ էլեկտրոնային լրատվամիջոցներ են, որոնց լսարանը շատ փոքր է:

«Նույնիսկ նման թերթերը, որոնցից երկուսին ինքս եմ հարցազրույց տվել և հստակ խոսել եմ Ադրբեջանի ագրեսիայի ու թուրքական պետության աջակցության մասին, հարցազրույցի հրապարակումից հետո հաքերային հարձակման են ենթարկվել: Մոտ կես օր նրանց կայքէջը չէր բացվում, և բավական ջանքերից հետո նրանք կարողացան վերականգնել իրենց գործունեությունը»,- ասում է փորձագետը: