«Ջղաձիգ» հայտարարություն. Երևանը քննադատել է Էրդողանին` հայերին վտարելու սպառնալիքի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` իր երկրից Հայաստանի քաղաքացիներին վտարելու սպառնալիքը «խոստովանություն է առ այն, որ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել»` ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Իր վերջին ելույթում, արձագանքելով Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Թուրքիայի դերակատարության մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քննադատությանը` Էրդողանը, մասնավորապես, ասել էր. «Հայաստանը կրակի հետ է խաղում: Ավելի քան 100 հազար հայ է ապրում Թուրքիայում, որոնցից ոմանք անգամ այստեղ կացության իրավունք չունեն: Թուրքիան հանդուրժել է այս իրավիճակը, և այս քայլերը ցույց են տվել, թե որքան բարեկամական է Թուրքիան եղել: Այնուամենայնիվ, Հայաստանը ընդունակ չէ տեսնելու դա»:

Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված խոսքում փոխնախարար Քոչարյանը այս հայտարարությունը որակել է որպես Հայաստանին սպառնալու փորձ:

«Թե՛ Անկարայի, թե՛ Բաքվի նմանատիպ ջղաձիգ հայտարարություններն արտահայտությունն են իրենց ռասիստական քաղաքականության արդյունքում միջազգային ասպարեզում խորը մեկուսացման մեջ հայտնվելու սարսափի»,- ընդգծել է բարձրաստիճան հայ դիվանագետը:

Այս ամսվա սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին նախահարձակ գործողության ընթացքում Թուրքիան բացահայտ կանգնեց վերջինի կողմը, ինչը դատապարտեցին և՛ Հայաստանը, ինչպես նաև Ռուսաստանը: Միացյալ Նահանգները իր պետքարտուղարի միջոցով նաև ակնարկեց, որ Թուրքիան չպետք է միջամտի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: