Թուրքիա. հայ պատգամավորը պնդում է, որ հարձակումը կատարվել է էթնիկ հողի վրա

Կարո Փայլանը` Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) ընտրված պատգամավորն ասել է, որ երկուշաբթի Թուրքիայի խորհրդարանում իր դեմ ուղղված հարձակման պատճառը իր հայ լինելն է:

Հարձակումը հրահրել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները, երբ խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովի նիստում քննարկվում էր քրդերին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

«Ակնհայտ է, որ նրանք [«Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները] ինձ թիրախավորել էին: Մի շարք պատգամավորներ միանշանակ նախապես ծրագրված կերպով շարժվեցին ինձ վրա»,- ասել է Փայլանը Bianet.org-ին, հավելելով, որ հարվածներն ուղեկցվել են ազգայնամոլական հայտարարություններով` հաղորդել է Asbarez.com-ը:

Փայլանն ասել է, որ իշխող կուսակցության անդամները հարձակվել են իր վրա, երբ ինքը ժխտել է Թուրքիայի արդարադատության նախարարի հայտարարությունը, որը պնդել է, թե քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները Սահմանադրական հանձնաժողովի նախորդ նիստի ժամանակ բռնություններ են գործադրել մյուս խորհրդարանականների նկատմամբ:

«Ես միայն արտաբերեցի` «Ո՛չ, բռնություն չե՛ն կիրառել», որին հաջորդեց 10-15 հոգու կողմից հարձակումը: Այն նախօրոք ծրագրուած էր, և պատճառն այն է, որ ես հայ եմ: Ես այդ կադրերը տեղադրել եմ սոցիալական ցանցում: Հետաքրքրվողները կարող են դիտել դրանք և իրենք դատել»,- ասել է Փայլանը` հավելելով, որ հարձակվողները միմյանց տեղեկացնում էին` «Կարոն այստեղ է, Կարոն այստեղ է»:

Փայլանը, ով է ասել, որ մոտ 100 բռունցքի և ոտքի հարվածներ է ստացել, չի պատրաստվում կատարվածի համար հետաքննություն պահանջել, քանի որ այդ հարցը քննելու է «Արդարություն և զարգացում» կուսակցության վերահսկողության տակ գտնվող Սահմանադրական հանձնաժողովը, որից դրական արդյունք չի կարելի ակնկալել:

«Նրանք չեն կարողանում հանդուրժել այն, որ հայ ինքնությամբ մեկն իրենց ստերն է բացահայտում ու չի ընկրկում,- ասել է Փայլանը: – Նրանք ցանկանում են իրենց դիմաց տեսնել ենթարկվող հայի: Որպես իրավունքների համար պայքարող հայ՝ ես ուղղակիորեն թիրախ դարձա և Լինչի դատաստանի ենթարկվեցի»:

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հայտարարությամբ դատապարտել է Փայլանի վրա հարձակումը` կոչ անելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային դատապարտել այն: