Փայլանի միջադեպ. հայերն իրենց մտահոգության ձայնն են բարձրացնում թուրքահայ պատգամավորի վրա հարձակման առնչությամբ

Հակոբ Չաքրյանը / Photo: Photolure

Վերջերս Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավորի վրա հարձակումը զայրույթի ալիք է բարձրացրել Հայաստանում և սփյուռքում` այն համարելով Թուրքիայում այլատյացության և ազգայնամոլության հերթական դրսևորում:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Թուրքիայի խորհրդարանում հարձակում է եղել Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրված պատգամավոր Կարո Փայլանի վրա, որի պատճառը, նրա պնդմամբ` իր հայ լինելն է:

«1991 թվականից ի վեր Թուրքիան Հայաստանի նկատմամբ նույն քաղաքականությունն է վարում, մինչդեռ այդ ժամանակահատվածում բազմաթիվ կառավարություններ են փոխվել, հետևաբար, Հայաստանի հարցում Թուրքիայի քաղաքականությունը, կարելի է համարել, որ չի փոխվել»,- հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Նրա խոսքով՝ իրավիճակը կփոխվի միայն այն դեպքում, եթե Թուրքիան հրաժարվի իր մտադրություններից` դիրքերն ամրապնդել Ադրբեջանում և այդկերպ իր ազդեցությունը տարածել ողջ Հարավային Կովկասի վրա, ինչպես նաև Մեղրիով միջանցք բացել` դեպի Ադրբեջան ուղիղ ելք ունենալու համար:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը դիմել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասին` կոչ անելով հրապարակավ դատապարտել Թուրքիայի մեջլիսում հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ իրականացված հարձակումը:

Կատարվածին անդրադարձել է նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և «Արմենպրեսի» հարցին պատասխանելով նշել, որ մտահոգված է Փայլանի անձնական անվտանգության համար: